— Քիչ մը նստինք հոս,— ըսավ, երբ հասան,— մազերս շտկեմ, ծաղիկներս կապեմ, քիչ մը հանգչիմ... — Օրիորդը հոգնած է, օրիորդը փափուկ է,— աղաղակեց թուխ աղջնակ մը խնդալով։ — Վարսենի՛կ,— ըսավ ուրիշ մը,— ուշադրություն ըրե, որ շրջազդեստդ չաղտոտես, մայրդ կնեղանա... Ու բոլորը մեկ սկսան քրքջալ, իյնալով Վարսենիկին վրա, մազերը քաշելով, ծաղիկներ լեցնելով կուրծքը։ Մինակը կմաքառեր իր չորս ընկերուհիներուն դեմ, խոտին վրա թավալելով, փորձելով նստիլ, ճչալով, խնդալով, մինչև որ բոլորն ալ հոգնած՝ դադրեցան զբոսնելե ու հանկարծ լռեցին։ Ու վերստին կիրակմուտքի զանգակները սկսան հնչել՝ թրթռացնելով, օծելով միջոցը ծածուկ զվարթությամբ մը, ավետելով վաղվան օրը, հանգստի, խաղաղության, ծուլության քաղցր կիրակին, որ միշտ չեն կըլլար ծովեզերյա քաղաքին վրա։
Քիչ մը խորունկեն կլսվեր ճպուռներուն ձայնը։ Մոտակա կեռասենիի մը վրա ճնճղուկներու խումբ մը համառությամբ կճռվողեր։Բարակ հովը մը վազելով կուգար ու կհոսեր անոնց, շողուն դեմքերուն վրա։ Հեռուն, երեկոյան թափանցիկ հեռանկարին վրա, կերևար հունական սպիտակ գյուղ մը, իր սպիտակ կաղամախիներով, ճիշտ ծովեզերքը, գրեթե դպելով ծովուն, որ ալեկոծության ատեն կթրջեր զայն։ — Վարսենի՞կ,— հարցուց նո՛ւյն թուխ աղջնակը,— եկեղեցի չպիտի՞ երթանք... — Պիտի երթանք,— պատասխանեց Վարսենիկ՝ անոր թուխ դեմքի երկու ձեռքերուն մեջ սեղմելով ու պզտիկ ապտակներ տալով,— բայց քիլ մը հանգչինք հետո...
Գլխու վարժ շարժումով մը կռնակը ծեծող երկու խարտյաշ հյուսքերը ցնցեց ու հաջողեցավ զանոնք բերել ձախ ուսին վրա։ Ճկուն, նուրբ մատներով կքակեր զանոնք, միաժամանակ մասնակցելով ընկերուհիներուն շաղակրատության։ Երբ քակեց վերջացուց՝ ոսկի ցոլքերով այդ վարսերը հորդեցան կռնակն ի վար։ Գլխու շնորհալի շարժումներով կթոթվեր զանոնք ու իր բարակ մատներով, որ փղոսկրի պես կշողային անոնց խարտյաշ ալիքներուն մեջ, կփորձեր սանտրել։ Հետո կռնակը դարձուց ու երկու ընկերուհիներ սկսան հյուսել զա