ժպտեցավ։ Քիչ մնաց, որ պիտի բռներ այդ ծեր ձեռքը ու համբուրեր, այնքան երջանիկ էր այդ ամիսներ տևող անձկութենեն ազատած ըլլալուն համար։
— Մեկ ղուսուր մը ունի նե,— ըսավ Աղսաբեթ հանըմ՝ կրկին հայացքը պահելով ու տարիներ հետո ինք չկրցավ մոռնալ ծեր կնոջ, այդ սքանչելի մոր ազնիվ շիտակությունը,— մեկ ղուսուր մը ունի նե՝ աղվոր չըլլալն է։ Ամա Էրիկ մարդու աղվորությունը ղազալը բան է, տարիքդ առնես նե կհասկնաս, աղջիկս։ Տղաս ըլլալուն համար չիմ ըսեր՝ քի աղեկ տղա է։ Դպրոց գացած աղջիկ ես, խելքդ մերինեն շատ է, բան մը ըսիմ, միտքդ պահե։ Մար իմ, մեկալ տղաքս ալ շատ կսիրիմ՝ ամա նայե, գիտնալի քի ողջ-ողջ թաղեմ պըտը նե՝ անոնց համար քեզ չէի ուզեր։ Թագուհիի պես աղջիկ ես, երջանիկ չըլլաս նե՝ Աստված պիլե կբարկանա։ Ամա մեր տղան ալ գեշ տղա չէ...
Ձայնը դողաց, արցունքի կաթիլ մը սարսռաց հոգնած աչքերուն եզերքը, վերստին իր վարսերը շոյեց ու ինք վերստին հուզվեցավ, կրկին աչքերը թրջերան։
— Տահա ի՞նչ ըսիմ յա, Աննի՛կ հանըմ,— ավելցուց նո՛ւյն կերկերուն ու դողահար ձայնով։— Ամեն չարիքի տակե բարիք մը կելլե, կըսեն։ Մեկեն աղջիկը դող հանելը աղեկ չէր, ամա մեկ քարով երկու թռչուն զարկինք։ Վա՛րսենիկ, է՛կու մութվախ էթանք տե՝ էրեսդ քիչ մը լվա, աղջի՛կս...
Թեթևցած իջավ վար ու խոհանոցի ծորակին տակ երեսը լվաց, մազերը սանտրեց, մինչ արևի ճառագայթները շուրջը կխաղային։ Քաղցր հիշատակներ մարմնին խորունկներեն կբարձրանային, կպարեին բոլորտիքը։ Իրիկունը ինչ անուշ ու խաղաղ էր։ Ու Աղսաբեթ հանըմ կտնտնար իր փեշերուն քով ու կխոսեր ծեր կնոջ այդ բարի, այդ հուզիչ ձայնովը։
— Մտքեր. չես կրնար անցնել քի՝ իշ խըտար կսիրե քեզ, Աստվածամարը պիլե ատքան սիրված չէ, ըսիմ նե սուտ ըսած չիմ ըլլար։ Տարիքս առած իմ, աղջիկս, շատ մի տեսներ արած գովեստներս։ Սահակ աղան ալ, էս ալ գերեզմանեն ղարըշ մըն ինք, աս տարիքին՝ մարդ սուտ չի խորաթեր:
Քեզ շատ կսիրե կըսեմ նե՝ հա՛վատա...
Չէր գիտե՞ր միթե, չէր զգա՞ր միթե։ Իրավ է երբեք՝ բացահայտորեն չէր մտածած այդ մասին, բայց հոգին հեռուեն