Այս էջը սրբագրված է

ծես թե մեկը թաղելու գացած էր, քահանան ավարտած էր արարողությունը ու դագաղին վրա հողի կույտերը աղմուկով կգլորեին։ Գուցե իր երազն էր այդ մեռելը։ Ակնարկը բարձրացուց ու դիտեց զայն՝ իր երազը։ Ի՜նչ հեռավոր էր, անմատչելի ու ինչ անդրերկրային։ Լոկ հարուստ մարդու իր հպարտությունն էր, որ մոլորեցուցած էր զինքը։ Կարծած էր, թե կարելի է՝ երկրի վրա քիչ մը երջանիկ ըլլալ։ Դաժան ծամածռությամբ մը դեմքը դարձուց ու ուղղվեցավ դուրս։

Բայց վզին վրա զգաց անոր զույգ մը գիրգ բազուկները, մարմնին վրա՝ անոր իրանին հաճելի ծանրությունը ու իր խոշոր, իր ծարավի բերանին վրա՝ անոր շրթունքներուն տենգահար համբույրը։ Զորեղ բազուկներով գրկեց այդ քաղցր, այդ թանկագին մարմինը, բայց սիրտը ելավ, իր խոշոր գլուխը դրավ Վարսենիկի ուսին ու զորավոր մարգոց խորունկ լացով մը՝ իր մեծ երջանկությունը լացավ։

Փետրվար, 1934, Նըմուր

ՄԹԻՆ ՊԱՏԱՆՈԻԹՅՈԻՆ

Ինչ որ պիտի չկրնար ներել, երբևիցե, զինքը շրջապատողներուն անտարակույս այս մթին, այս ապաժամ պատանությունն էր։ Իր կանխահաս փորձառությունը անընդհատ կարգիլեր քաղցր մանկության մը վերադարձը։ Կյանքի այս հուզիչ եղանակը, առլի խորհրդով ու բանաստեղծությամբ, կարելի չէր վայելել այս գիտակից զգայնությամբ, որ կանուխեն շրջանը ըրած էր իրերուն ու մարդոց։ Ժամանակը, ևս ավելի քան աննպաստ էր բնական բողբոջումի մը, աստիճանական հայտնության մը համար։ Երբ իր ողջ էությունը կդիմեր, խորին ծարավով մը կյանքին, զգայնության բոլոր ծածուկ ճամբաներեն՝ հրճվանքի բոլոր աղբյուրներուն, որ անշուշտ կկարկաչեին, երկրի ուրիշ անկյուններուն մեջ, ամեն ժամ կհանդիպեր այս հետ ֊պատերազմյան մռայլ ու կրավո-