կար բացակայություն մը։ Երբեք լրջորեն չէր անդրադարձած, թե վերադարձը կրնա ըլլալ առանց գարնան, առանց իր հայրենի մտերիմ շրջանակին։ Որքան ալ մարդիկ խոսեին իր շուրջը կիսավերակ քաղաքներու, կորուսյալ սիրելիներու, չհոտված ծառերու ու այգիներու մասին՝ իր երևակայության մեջ հետին տերևը մը իսկ չէր խախտեր իր կոթունեն։ Իր հայրենի քաղաքը մնացած էր իր վերջին գեղեցկությամբն ու շնորհովը։ Աչքերը եթե փակեր՝ կրնար ամեն իր գտնել իր վերջին տեղին մեջ։ Հավատացած էր, թե թաղին ժամկոչը, ամեն օր, երբ արևը կհասներ աղբյուրի կաղամախիին, անօգուտ ժրությամբ մը ու հազալեն կերթար զանգակատուն ու կկախվեր պարանեն՝ հնչեցնելու համար իր իրիկնաժամու հրավերը։ Հորը ձին՝ իր նույն սմբակովը կդոփեր ախոռին հատակը, պահանջելու համար իր գարին։ նույն սեղանին վրա իր նույն գրքերը կսպասեին հետ-ընթրիքի դանդաղ Ժամերուն, երբ լամբարին մեղմ լույսը սենյակին վրա կձգեր իր նուրբ շղարշը։
Արդարև, մահը երկար բացակայություն մըն էր լոկ։ Կարելի չէր իր հայրենի քաղաքը ընդունիլ առանց հայրենի տան ու հայրենի տունը առանց իր բնակիչներուն։ Ամեն տուն ունի իր նկարագիրն ու իր անհատականությունը։ Եթե երեկոյան նույն ժամերուն, պարտեզին ծառերուն մեջեն, չերևեր հորը հասակը, եթե ինք չզգար անոր ազնվական ու հանդարտ երթը պարտեզը երկուքի ճեղքող սալահատակված ճամբեն, եթե մորը աղու ձայնը չթափառեր իր շուրջը՝ արևի ճառագայթներու պես, հայրենի տունը կրնա՞ր գոյություն ունենալ միթե։ Հայրենի տուն կրնա՞ր գոյություն ունենալ միթե առանց հորը բարկությանը ու մորը արտասուքի կաթիլներուն, որ կայլակ առ կայլակ կթրջեին անոր հուզիչ դեմքը: Առանց սարյակներուն, որ սալորենիներուն վրա կդողդոջեին իրենց կարկաչուն ձայներովը, առանց սերկևիլի խոշոր պտուղներուն, առանց հորը զամբիկին ու առանց ախոռապանին: Կրնա՞ր գիտնալ միթե, վերադարձի այդ նամետ օրերուն, թե մահը ոչնչով կարելի է ողոքել, թե կյանքը անվերադարձ հրամաններ ունի, թե կյանքը ազատ ընտրոլթյուն չէ միշտ։ Կրնա՞ր գիտնալ միթե, թե մահվան միակ շնորհը այդ հավելվածական գեղեցկությունն էր, որ ան կպարգևեր կորուս-