Այս էջը սրբագրված է

յունը — առանց պատճառի վշտերու պես, որ խորունկեն կվիրավորեն քեզ։ Ինչ որ չէր կրնար ներել՝ այս քաղաքի մարդոց, ազգական կամ ոչ, իրենց կողմնակի վերաբերումն էր դեպի կյանքն ու մարդիկը։ Ուղղակի շարժումներն, շիտակ խոսքերն, բացահայտ անոթություններն ու բարձրաձայն մեղադրանքները եպերելի կթվին։ Ու քանի տառապանքը կխորունկնար՝ օդի պակասության, անկեղծության ու պարզության պատճառավ, այնքան կոլորվեր ինքն իր վրա, կծիկի մը պես։ Ակնհայտնի կերպով՝ կուզեին զինքը կրթել, վերադարձնել քաղաքակրթության, առանց սակայն ճակատեն դիմավորելու։ Գուցե նաև չէին համարձակեր հմայել, վախնալով խոպան դեմքեն ու համառ լռություններեն: Եթե պատահեր, որ առտուն լվացվելե հետո, մոռնար ծորակը գոցել, ինք որ կսիրեր վտակի մը վրա ծռիլ ու դեմքը թաթխիլ արքայական ջրին մեջ, վստահ էր, թե մեծ մայրը սուտ քաղցրությամբ մը պիտի մռլտար. «Նորեն մուսլուխը բաց մնացեր է»։ Ու այդ ծեր ու առնական կինը, որ քաջ կճանչնար իր երկու տղաքը, որ երեսուն տարի անընդհատ շիտակ գծի մը վրա մարզած էր զանոնք, գիտեր թե այս անապատական թոռն էր ծորակը բաց ձգողը։ Ու այդ զույգ մը մորեղբայրները, որ միշտ անաղմուկ հպատակած էին իրենց մոր, փոքրիկ աչքի նշան մը անգամ չէին ըներ քաջալերելու համար զինքը, աստիճանաբար այդ ընտանի բռնակալին իշխանության հիմերը կխախտեր։ Չորս օր հաջորդաբար ու օրը քանի մը անգամ, մթին զվարճությամբ մը, ծորակը բաց ձգեց, սպասելով որ տեղե մը հանդիմանություն մը գա, պզտիկ փոթորիկ մի պայթե։ Ոչի՛նչ ու ոչի՛նչ։ Հետևաբար դադրեցուց խաղը՝ զվարճալի չգտնելով զայն։

Օրվան մեջ տասնյակներով նման փոքր դեպքեր բանտի կվերածեին այս արդեն նեղ հարկաբաժինը։ Օրը իր վախճանին չգացած քսան անգամ մտքեն կհայհոյեր այս բոլոր կապկություններուն դեմ։ Անշուշտ գիտեր, թե դեռ մանուկ՝ միշտ ունեցած էր բոլոր իշխանություններն ու հեղինակությունները ծաղրի առնելու այս գեշ ունակությունը։ Ու շուրջ հինգ տարիներու սանձարձակ ու ասպատակ կյանքե մը հետո՝ անհրաժեշտ էր այլևս, իր կյանքին մեջ, քիչ մը օրենք ու քիչ մը կարգապահություն։ Այլ իր հոգվույն խորը անհանգրվան