Այս էջը սրբագրված է

ղային թարթիչներուն եզերքը։ Հայնժամ, զայրույթե դողդոջուն ու առանց բառ մը արտասանելու կելլեր փողոց ու կսլքտար մինչև ուշ երեկո։ Վերադարձին ոչ ոք կհամարձակեր հանդիմանել զինքը, այլ կզգար ընդհանուր դժգոհանքը։ Միակ դեմքը, որ գողունի կջանար ժպտիլ իրեն, կարծես զղջումով լի հլությամբ մը, Արուսյակինն էր։ Ու միակ անձը, որ ոչ մեկ լուռ մեղադրանք կջանար բանաձևել իր անկարգությանը դեմ, վերստին այդ երիտասարդ աղջիկն էր։ Երկար արտևանունքներուն տակեն հայացքը դանդաղորեն կբարձրացներ ու կդիտեր զինքը խորին քաղցրությամբ մը։ Կարծես թե անիմանալի հաճույքով մը կբաժներ իր բոլոր հանցանքները, հապաղումներն ու բրտությունները։

Գլուխը հազիվ դարձուցած էր, երբ վզին վրա զգաց անոք ճարտար ձեռքերը։ Ժամանակ չունեցավ իսկ նշմարելու երկար, գորշ պարեգոտին վրա՝ գոհարեղեն մը, որ կշողար, կուրծքին սկզբնավորությանը։ Ոչ ալ վարսերուն նոր հարդարանքը, որ նոր շնորհ մը կպարգևեր դեմքին։ Օձիքը կոճկված ու փողկապը կապված էր արդեն՝ երբ ջանաց ժպտիլ, միաժամանակ զսպելով անտեղի դող մը, որ կցնցեր մարմինը։ Այդ տարիքին, իր ակնարկը կրնա՞ր միթե լիությամբ զգալ այդ հանդարտ ու գորովալի գեղեցկությունը։ Երիտասարդ աղջկան մը, որ ամոթահար մայրութենե մը ամեն վայրկյան կտառտպեր, կուրծքերուն բեղուն հարստությունը։ Կարծես հոտավետ շունչը, որ այնքան շուտ տհաճելի կդառնա կիներուն մոտ՝ ծերության տարիներուն և որ այնքան քաղցր էր այժմ իր դեմքին վրա։ Այդ տարիքին կրնա՞ր միթե գիտնալ, թե ի՛նչ որ անփոխարինելի կթվին ավելի ուշ այդ մեղմ գորովներն են, սկզբի այդ աննշան հպումները, այդ լուռ շահագրգռությունները։ Ներկայությունը, մարմնիդ քով, երիտասարղ աղջկան մը, որուն ողջ էությունը կձգտի սիրո և որ դեռ չի գիտեր թե ուր կրնա հեզուլ հոգվույն խորը կուտակված գորովը։ Ձայնը ևս անբացատրելիորեն հաճելի էր, մաքուր։

— Վայրկյան մը հանգիստ կեցի՛ր,— ըսավ իր տրտում ժպիտովը,— մեծ մայրիկդ այնքան երջանիկ կըլլա, երբ ուզածին պես կհագվիս...

Առանց մասնավոր ճիգի էր, որ կխոսեր այդ ճիշտ հայերենով ու առանց դույզն ցուցամոլության էր նաև՝ որ հրա-