ժարած էր քաղքի շեշտեն ու կոպիտ ասույթներեն։ Ամեն ինչ պարզ ու բնական կթվեր իր վրա։ Ու կարծես ձայնն իսկ կհարմարեր իր լեզվին մաքրության ու ջինջ շեշտին։ Ու ինք որ աքսորի չորս անհորիզոն տարիներեն վերջ, օր ըստ օրե, սկսած էր որոշ հաճույք մը զցալ իր քաղաքացիներուն պես խոսելով, որ օր ըստ օրե, սկսած էր սիրել այդ կոշտ ու անկյունավոր բառերը, որ մուրճի հարվածներու պես ազդեցիկ էին և ուժեղ, ակամա կհուզվեր ի լուր այդ նուրբ հայերենին, որ կարծես գարնանային բողբոջներու պես կծաղկեր Արուսյակի շրթունքներուն վրա։
Փութկոտությամբ կխոզանակեր հագուստը, կհարդարեր շապիկին ծալքը, կսանրեր վարսերը, միաժամանա դիտելով զինքը հոսուն, այլ խուզարկու ակնարկով մը։ Վայրկյան մը նույնիսկ ծունկի եկավ տաբատին ծայրերը մաքրելու համար ցեխի հետքերե։ Սկիզբը՝ ինք կդիտեր անոր ճոխ վարսերում էջքը, երբ մեկեն տախտակամածին վրա կարծես՝ ճերմակ ցոլացում մը նշմարեց։ Հուզումով գլուխը անդին դարձուց ու զորությամբ ենթադրեց, թե լոկ անոր կուրծքերը կրնային ըլլալ: Ամոթեն դողահար էր, ոչ թե որովհետև առածին անգամն էր որ կնոջ մը կուրծքերը կնշմարեր, այլ որովհետև չէր ուզեր, որ սարսուռը որ կցնցեր մարմինը, Արուսյակեն գար։ Կամավոր հանցանքի մը պատասխանատվությունդ զգար։
Չէր կրնալ գիտնալ անշուշտ, թե իրապես կային, իր հոգվույն խորը, այդ հանցանքին առաջին սաղմերը, քանի որ ակնարկը ցանկությամբ ու մեղապարտ հաճույքով մը փախած էր այդ կախարդիչ ու խուսափուկ շողյունեն։ Չէր կրնար գիտնալ նաև թե ի՛նչ էր իրապես հանցանքը, թե ան միայն արդյունքը կրնար ըլլալ մարդկային արարքի մը, արարքի մը սկզբնավորության կամ ծագումին մարդուն մարմնին խորը ու անոր բախումին՝ արդեն գոյություն ունեցող օրենքներու և բարոյական հրամաններու։ Այդ տարիքին, կրնար գիտնալ միթե, իր դեռ անմշակ իմացականությամբ, թե նման կալվածքի մը մեջ ըստ էության, ներգոյակ հանցանք բնավ գոյություն չունի, թե ընկերային ու այլ օրենքներու, ավանդությանց, լուռ դաշինքներու առնչությամբ միայն մարդկային արարքները կվերածվին հանցանքի, թե հանցանքի ըմբռնումը ինքը՝ լոկ պայմանական է, պարագայական, հարաբերական: