Ամենապատիվ Դուրյան Եղիշե պատրիարքը կրնա՞ր միթե հետ արարողության՝ պարարտ խոզի մը պես, իր կարճ ոտքերուն վրա խոշոր որովայնը փարտելով, սուտ հանդիսավորությամբ մը բանկալին բակը անցնիլ, երթալ թաղարան ու բազմիլ քաղքենի կոչնականներուն մեջ, որկորին մինչև վերջին օղակը լեցնելու համար ոչխարի խորտիկով ու մատաղով։ Արիստակես եպիսկոպոս Վանքյանը կկոչվերր այդ մեծղի ու արձակունակ մարդը և որովհետև վասն մարմնո ուրախության՝ ընդունակ էր դեռ օղիին բաժակները պարպել իր հաստ խռչակն ի վար, քաղքին արբեցող բարեկամները զայն կկոչեին նաև Արիստակես Տայի:
Հպանցիկ վայրկյանի մը մեջ՝ այս բոլոր հիշատակները խուժեցին վրան, մինչ Արուսյակ կճգներ վայելուչ ընծայել իր կիրակնօրյա պատանությունը։ Ու հոգվույն խորը քիչ մը դառնացավ, ծածուկ վշտով մը, որ կխոցեր սիրտը, վասնզի վերքը Արուսյակեն կուգար։ Այսպես վարկածային միամտություններ ուներ՝ իր այլապես սանձարձակ, փորձառու, նույնիսկ երբեմն խորամիտ պատանությունը։ Երկար տարիներե վերջ դեռ չէր բուժված այդ քաղցր ունակութենեն, որ համառությամբ կմերժե կարգ մը զարտուղի ու ընտրյալ էակներու կյանքի ընթացիկ արարքները, որ անդրերկրային լինելություն մը, հույժ թեթև սահանքներ ու երազային կենցաղ մը կպարգևե բանաստեղծներուն։ Կրնա՞ր ընդունիլ միթե այս վերջիններուն հասարակ մարդեղությունը։ Իր երևակայության ծիրանի պաստառին վրա՝ անոնք կերևեին շնորհով մը, որ երկրային ոչինչ ուներ։ Իր հոգին չէր ուզեր ընդունիլ, թե Դանիել Վարուժան, մյուս բոլոր մահկանացուներուն պես, օրվան որոշ ժամերու, պարտավոր էր ճեմիշ երթալ։ Այդ ապերախտ տարիքին, որ պատանությունն է, կրնա՞ր գիտնալ միթե պարզ ու մարդկային արարքներուն հավիտենական իմաստը։ Կրնա՞ր գիտնալ, թե ամեն արարքի գործադրության եղանակին մեջ է հաճախ, եթե ոչ մի'շտ, գռեհկությունն ու ազնվականությունը։ Երբ դաշնակի մը առջև՝ ճերմակ ձեռքերը ստեղնաշարներուն վրա կնշմարեր ժանյակներուն մեջ կորուսյալ աղջիկ մը՝ իրեն կթվեր թե դուրսը գարունը պիտի ծաղկի, պիտի թավալի սպիտակ շաքիլներով և փրփրուն ալիքներով։ Ընդունակ էր սարսափելի գազանությամբ մը