Այս էջը սրբագրված է

րականի ծվեններու, երբ գարնան հետ վերադարձող ծիծառնիկներ կխլվլային երփներանգ պատուհաններու տակ, երկիրը կթվեր անպարագրելիորեն զվարթ։ Քաղաքը կպատրաստվեր հաջորդ տերունական օրվան։

Հրաշքի պես օր մըն էր կիրակին։ Դպրոցներու դռները կբացվեին՝ ազատ արձակելու համար մերկ սրունքներով ու մերկ ծունկերով աղջիկներու և տղոց ոստոստուն խմբեր։ Ու ողջ երեկոն ու հաջորդ օրը՝ թաղե թաղ, քաղաքը կսկսեր իր արդուզարդին, կպատրաստվեր վայելել կյանքին պարգևած այդ հրաշալի հանգիստը։ Հետո արհեստավորները կսկսեին քակվիլ շուկայեն իրենց ծրարներով։ Արևեն շողուն պատի մը տակ ծերունի մը կտաքնար, միաժամանակ գլանիկ մը փաթթելով։ Մսի ու ձուկի բույր մը կելլեր նավահանգիստեն ու շուկայեն՝ սպրդելու համար բոլոր խոհանոցներուն մեջ:

Ծովուն շռայլ եղած օրերը՝ կարմրախայտի փոքրիկ խուրձեր, հանգուցած սեզի չվանով, քիչ շատ բարեկեցիկ արհեստավորներու ձեռքերեն կախված, կմագլցեին հրեաներու զառիվերը՝ հաջորդ օրը զարդարելու համար սեղանները։ Աղջիկները խոշոր լականներու մեջ՝ իրենց մազերը կլվային: Մայրերը կսկսեին արդուկել կիրակնօրյա հագուստները, կվազեին սենյակե սենյակ՝ չգիտնալով, թե ինչպե՞ս պիտի հաջողեին ողջ տունը հաճելի ընծայել գործեն վերադարձող ամուսնին։ Գարնան, ամրան, աշնան աղվոր օրերուն, ծառի մը տակ կամ շուքին մեջ՝ օղիի սեղաններ կային, լի բազմատեսակ աղանդերներով։ Ու շեն, զվարթ կենցաղի մը այդ պաստառին վրա, ողջ իրիկունը, սարեկներ ու եկքանիկներ կերգեին, իրենց դողդոջուն ձայներովը: Ու հակառակ ողջ քաղաքին աղմուկին, զանգակներու ղողանջին, սայլերուն որ կճռնչային, ձիերուն՝ որ կվրնջային, կովերու բառաչին, ոչխարներու մայունին, հակառակ հարյուրավոր պզտիկ աղմուկներուն, ձայներուն, երգերուն, որ խուլ զվարթությամբ մը կելլեին դաշտին մոտակա ճամբաներեն, այսուհանդերձ մարդ կլսեր անոնց գեղգեղանքը։ Հակառակ այս հարյուրավոր շշուկներուն, մարդ կլսեր նաև դրացի տան մը հորին ճռնչյունը, երբ կարշնեղ ձեռքեր պարանը կքաշեին՝ լեցուն դույլին հետ։ Չկար ձայն մը, որ լսելի չըլլար։ Եթե մարդ ականջը լարեր՝ կրնար լսել նույնիսկ ժամկոչին խոշոր կո-