Այս էջը սրբագրված է

թրջված անձեռոցով մը, շրշազգեստը կփոխեր, վարսերը կհարդարեր ու ճերմակ, ժանեկազարդ գոգնոց մը կկապեր։ Երբ բոլորովին պատրաստ՝ վերստին կուգար ճաշասենյակ, իր ողջ անձեն այնքան նուրբ ու հաճելի բուրում մը կելլեր, որ ինք կցանկար վզին փաթթել ու համբուրել զայն։ Այլ ատիկա գորովի արտահայտություն մըն էր, որուն երբեք ընդունակ չէր եղած։ Ընդհակառակը, ձեռքերը գրպանները, վայրի ակնարկով մը կդիտեր զայն, զայրանալով ինքզինքին դեմ, ջանալով ծածկել մորը գեղեցկության պատճառով իր զգացած հուզումն ու հպարտությունը։ Եթե միայն կարենար մորը վազել վստահ էր թե ան պիտի գրկեր զինքը, ներելով իր բոլոր անկարգությունները։ Այլ հեք կինը երբեք չէր կրցած ենթադրել իսկ, որ այդ ապստամբ ու գեշ տղան զինքը այդ աստիճան կրնա սիրել։ Ի վերջո խորին խաղաղությամբ մը հայրը կուգար ու ամեն ոք կլռեր տան մեջ։ Այդ հարգելի ու ցուրտ մարդը, որ իր հայրն էր, կիրակի օրով իսկ չէր բարեհաճեր ժպտիլ։ Խուզարկու, շրջանակի ակնարկ մը կձգեր, առանց մասնավոր կերպով կինը գիտելու ու այժմ իսկ՝ ինք վստահ չէր, թե անզգայուն էր իր մորը գեղեցկության հանդեպ։

Այս հիշատակներով ու այս կարոտներով էր, որ գիշերը անկողին կմտներ ու առավոտը կարթննար։ Ու քանի այս օտար խառնակյաց քաղաքին մեջ օրերը կսահեին՝ այնքան ուժգնությամբ անցյալը կզարթնուր։ Արուսյակի վերադարձեն ի վեր՝ իր մանկությունը ավելի ու ավելի լուսավորյալ կթվեր: Ինչպես ձմռան խստամբեր ամիսներեն հետո՝ հոգին բոլոր ծերպերեն փափուկ ծիլեր, օժտված զարմանալի զորությամբ մը, հողը կպատռեն՝ կորուսյալ ու նուրբ հուշեր, տարիներու քունե հետո կցցեին իրենց սիրուն գլուխները։ Ոչինչ մեռած էր իսպառ ու ոչինչ կորուսյալ։ Ու մարմնին բոլոր մասերը կմասնակցեին հիշատակներու այս զարթոնքին։ Ապշեցուցիչ էր մասնավորապես հոտառական հիշողությունը։ Բույր մը չկար, որ չհամառեր ռունգերուն մեջ։

Ամրան տոթ օրերուն, երբ հետմիջօրեին ընտանիքով կէրթային պտղաստան, դեռ հեռուեն կզգար հասուն դեղձերուն արձակած ոսկյա բույրը։ Անշուշտ կային, որ կճեղքվեին ամրան լիութենեն ու ավելի բուռն բույր մը կարձակեին։ Դեռ