որ ուզեց փռվիլ գետին ու գորգին վրա թավալիլ արևին ճառագայթներուն հետ։ Տան երկու կատուները, պոչերը տնկած արևին, պատուհանին մյուս կողմեն կդիտեին զինքը։ Վստահ էր, թե անոնք ևս կուզեին տապլտիկիլ արևին մեջ ու կսպասեին իրեն։ Ձեռքերը կդներ անոնց ճերմակ, թավշյա փորերուն տակ ու կգլորեր զանոնք տաք մարմանդին վրա կամ փոշիին մեջ։ Ի՜նչ աղվոր ժամեր կային այդ պարտեզին մեջ ու ի՜նչ հաճելի էր արևը։ Աչքերուն տակեն կդիտեր մայրը, որ փոխնորդը կպատրաստեր, գլխու ավաղալի ցնցումներով։ Հագուստ մը չուներ, որ պատռած չըլլար։ Կիրակի օրով՝ նոր հագուստ մը կհագցնեին ու հակառակ, որ ողջ օրը կհսկեին վրան, միջոցը կգտներ ծառ մը մագլցելու կամ գամե մը կախվելու։ Երբ մայրը վերջապես մոտեցավ իրեն՝ ինք հաջողեցավ ժպտիլ, այլ խեղճ կինը չնշմարեց իր ժպիտը ու ինք ամոթահար մնաց։ Երբեք այդ զորությամբ չէր զգացած մաքուր ճերմակեղեններու պարգևած հաճույքը։ Ամեն ինչ զվարթ ու մաքուր էր շուրջը և վրան։ Ինքզինքը իրապես երջանիկ կզգար շաբաթ իրիկունով, իր կիրակնօրյա հագուստներուն և նոր կոշիկներուն մեջ։
— Նորեն ի՞նչ ըրեր ես անցյալ օր մորաքրոջդ տունը։ Կեսրոջը հետ խնդիր ունեցեր է քու պատճառավդ։ Քեզ կարելի չէ տեղ մը ղրկել...
Շատ լավ գիտեր թե ի՛նչ ըրած էր։ Այնքան չարչարած էր ավազանին սիրուն, կարմիր ձուկերը, որ անոցմե երեքը մեռած էին։ Հետո կամաց մը ծլկած էր, ներկա ըլլալու համար պայթելիք փոթորիկին։
— Հանգիստ կեցիր վայրկյան մը,— ըսավ մայրը զինք նստեցնելով բազմոցին վրա։
Ու առաջին անգամ ըլլալով քոլոնյայի ջրով վիզը թրջեց, նաև երեսն ու վարսերը։ Սանտրեց զանոնք ու մեկեն դեմքը ստացավ անօրինակ քաղցրություն մը։ Գուցե այդ թափառիկ ճառագայթին պատճառավ էր, գուցե իր ժպիտին ու ներքին խորունկ սիրույն։ Մայրը փղձկեցավ ու վերսկսավ խոշոր կաթիլներով արտասվել։ Իր ճերմակ թևերը նետեց վզին ու ջերմորեն, երկարորեն համբուրեց զինքը։ Արտակարգ ճշգրտությամբ այժմ կհիշեր այդ պահը։
Մորը արտասուքին կաթիլները, որ դեմքը կթրջեին։ Նույ-