Այս էջը սրբագրված է

նիսկ իր բերնին անկյունը զգաց աղի կաթիլ մը ու իր սիրտը ևս ելավ։ Կհիշեր անոր բույրը, անոր կուրծքերուն ծանրությունը՝ իր մարմնին վրա ու այդ անմոռանալի, եզակի համբույրներուն տարափը՝ վզին, աչքերուն, այտերուն, մազերուն վրա։ Կռնակի վրա ինկած էր բազմոցին խորը ու անպարագրելի հուզումով մը կընդուներ մորը գուրգուրանքները։ Ու հեղակարծորեն երկուքով սկսան խնդալ ուրախ, կարկաչուն, գլգլան խնդուքով մը։ Մայրը կիսանդրին շտկեց, իր գլուխը առավ ափերուն մեջ ու երկարորեն նայեցավ իրեն։ Մատներով կգգվեր վարսերը ու կջանար իր այդ սանձարձակ խնդուքը զսպել։ Վերստին կոպերուն վրա համբուրեց զինքը ու զվարթությամբ ըսավ.

— Երեքեդ միայն դուն ես, որ կյանքիդ մեջ համբուրել չես գիտեր։ Երբ մեծնաս, աղջիկները պիտի չսիրեն քեզ...

Ու ինք, որ կդողդոջեր մորը գգվանքները վերադարձնելու մարմաջեն, ու կտոչորեր զայն գեթ անգամ մը համբուրել կամենալու ծարավեն, որ եթե կարենար՝ պիտի արտասվեր անոր ուսին վրա, այսուհանդերձ անմիտ պատասխան մը տալու առիթը գտավ։

— Հայրիկին ալ բնա՛վ չի համբուրեր...

— Արդեն զիս չես ելած որ, հայրիկեդ ելած ես...

Մայրը շատ լավ գիտեր, ինք ևս, թե ճիշտ չէր ատիկա։ Աչքերով հոնքերով, իր բերանովս որ կսիրեր բոլոր քաղցր բաները, իր տենդահար աճապարանքով, իր զգացումներուվ՝ որ խորունկեն կբանեին և իր բուռն նկարագրով՝ որ կմերժեր կիսամիջոցները մայրն էր, գրեթե ամբողջովին մայրը։ Բոլոր ազգականները կկրկնեին արդեն օրն ի բուն։

— Երբ մեծնաս, ո՛վ գիտե ի՛նչ տեսակ մեկը պիտի ըլլաս,— ըսավ մայրը, միշտ ձեռքերուն մեջ պահելով իր գլուխը ու ակնարկը խրելով ակնարկին մեջ,— ով գիտե ի՛նչ բռնակալ ամուսին մը...

Ավելի ընտանի, ավելի հաճելի բուրում մը չէր կրնար ըլլալ երկրի վրա՝ քան իր մորը բուրումը։ Ավելի մանուկ, անգամ մը՝ երբ մուշկ-խաղողի ողկույզ մը տված էին իրեն, զայն ագահությամբ ռունգերուն տարած էր ու հայտարարած,— մայրիկս ալ ասանկ անուշ կհոտի։— Հայրն իսկ թեթև մը ժպտած էր այդ օրը։