կան անձեր կթվեին, որոնց հետ հարկ էր ապրիլ առանց գժտության, առանց ավելորդ աղմուկի։
Իր մտքերուն հետ առանց առնչության էր, որ մեկեն, այդ հիշատակը եկավ ծվարեցավ շրթներուն վրա։ Ու ինք ալ չգիտցավ, թե ինչպե՞ս կրցավ այդ ազատությամբ խոսիլ։
— Այն օրը, որ պարտեզեն դուրս եկար ու զիս կանչեցիր՝ ճերմակ հագած էիր ու գոտիիդ երկու կարմիր վարդ անցուուած...
— Ինծի չնայեցար իսկ,— ըսավ Արուսյակ ժպտուն ու թեթևորեն տեղափոխվելով։— Տանը ետևը ուրիշ ավելի ընդարձակ պարտեզ մը կար, որ դուն տեսած ըլլալու չես։ Սքանչելի վարդեր կային։ Տանը ամեն կողմը լեցուն էր վարդով։ Խեղճ հորս մեծագույն հաճույքներեն մեկն էր՝ վարդենիները խնամելը։ Առհասարակ ծաղիկները շատ կսիրեի, բայց վարդերը մասնավորապես, քանի որ հորս նախասիրածներն էին...
Իսկ ինք երբեք չէր նախընտրած վարդերը։
— Մեխակները ավելի նուրբ են,— ըսավ, պահելով աչքերը։
Ու անդրադարձավ թե, իրողության մեջ, մեխակներն ալ չէր սիրեր։ Ոչ մեկ ընտանի ծաղիկ կսիրեր։ Փոխարենը չկար դաշտային ծաղիկ մը, որուն անունը լավ չգիտնար։ Իր մանկության կրքերեն մեկն ալ ատիկա էր՝ բույսերն ու դաշտային ծաղիկները։ Վերջին տարին՝ բուսաբանության դիրքը գոց սորված էր գրեթե։ Վերստին բռնակալ ծարավ մը ծնավ հոգվույն խորը քաղաք վերադառնալու, վերագտնելու հորը դաշտերն ու արտերը։
— Քաղաք էթալ կուզեմ,— ըսավ մեղմորեն։
— Ուշ կամ կանուխ պետք է երթաս անգամ մը՝ հորդ կալվածներուն տիրանալու համար, բայց հետո կենաս ի՛նչ ընես։ Պետք է որ ընդհակառակն հոս մնաս՝ դպրոց կարենալ հաճախելու համար։ Եթե պատերազմ չըլլար, հաջորդ տարին իսկ, հայրդ քեզ հոս պիտի ղրկեր արդեն...
Փորձեց անկողնին մեջ դառնալ, աջ ոտքը տեղափոխելու համար ու զիստին վրա զգաց քաղցր ջերմություն մը, որ Արուսյակի մարմնեն կուգար։ Անգաղտնապահ դող մը ցնցեց ողջ իրանը, այլ մնաց անհարիր։ Անշուշտ առաջին անգամը չէր, որ նման զգայություններ կունենար։ Սանձարձակ ազա-