Այս էջը սրբագրված է

կսիրեր իր թոռը՝ որովհետև այդ է մեծ մորը պարտավորությունը։ Հաճախ չէի՞ն ըսեր, միթե չէի՞ն կրկներ միթե՝ հոգնեցուցիչ կեղծավորությամբ մը, որ իրենց իմաստության ծայրագույն աստիճանը կթվեր ու զավակ ըսածդ պետք է սիրե իր ծնողքը: Այլ ծնողը կա, որ արժանի չէ սիրո։ Եթե արարածի մը վրա չնշուլե ո՛չ երկրին գեղեցկությունը, ո՛չ հողին բարությունը, ո՛չ կյանքին իմաստությունը, ո՛չ իսկ ապրելու բերկրությունը, որ անասունները անգամ ունին, արժանի՞ է միթե սիրո։ Կարելի է սիրել, ինքնեկ ու խորին գորովով մը, մանուկներն ու տկարները, անկարներն ու աղքատները և բոլոր անոնք, որ պետք ունին սիրո, վերստին ծնելու և բողբոջելու համար։ Այլ բոլոր մյուսները պետք է, որ արժանի ըլլան սիրո, ինչպես Բերիո ծերունին, որ կխայտար հետմիջօրեի արևեն, որ համակ գորով էր։

— Սպա՛սե,— ըսավ Արուսյակ,— նախաճաշդ բերեմ։ Տունը ուրիշ մարդ չկա։ Վերգինեին տունը պիտի երթանք ճաշի ու հետո, եթե աղեկ տղա ըլլաս, ինձ կընկերանաս։ Պոլսո կողմը ազգականուհի մը տեսնելու պիտի երթամ...

— Ես մարդու տուն չեմ էթար,— ըսավ ինք՝ հեղակարծ խստությամբ մը։

— Շատ չենք նստիր,— հարեց Արուսյակ՝ հաշտարար ժպիտով մը ու նույն Ժպիտով կարծես համբուրեց իր աչքերը, այնքան հոսուն ու քաղցր էր իր ակնարկը,— հետո քիչ մը կպտտինք։ Դեռ Պոլիսը չես ճանչնար։ Եթե կուզես քեզ Այա-Սոֆիայի մզկիթը ցույց կուտամ...

Իսկ իր ամբողջ փափագածը այն էր, որ Արուսյակ մնար հոդ, իր անկողնին եզերքը։ Խորին երջանկություն մը կար իր անդամներուն մեջ ու իր երևակայության պաստառին վրա վերստին գարունր ծափ կզարներ քաղքին արահետներն ի վեր։ Հայրենի ծովը մեղմ ծփանքներով կհառաջանար ու կլվար եզերական պատերն ու ապարանքները։ Ու ինք կեռասի ծաղկած ճյուղ մը ուսին տուն կվերադառնար։ Ի՞նչ պիտի ըլլար ինք՝ երբ այս աղջիկը մեկներ քաղաք։ Որբանոց կէթամ, ըսավ մտքեն գեշ համառությամբ։ Այլ եթե միայն կարենար քաղաք վերադառնալ, անգամ մը, ծովին հովն ու աղի բուրումը շնչելու։ Մեկեն, անակնկալ սաստկությամբ մը, կարոտցավ նաև իր մանկության ծովը։ Ծովն ու առագաստանավերը,