րելի ըլլար այդ կենցաղը։ Ու այդ տագնապը գուցե դեռ երկար շարունակվեր, եթե այդ նախախնամական հանդիպումը տեղի չունենար։
Նավահանգիստի փողոցներեն մեկուն մեջ մոլորած էր, երբ ծանոթ ձայն մը անունը տվավ։ Գլուխը դարձուց ու քիչ մնաց պիտի պոռար ուրախութենեն։ Կարշնեղ տղա մը եկավ վրան ու գրեթե ղրկեց զինքը։ Հանրակառքի տոմսավաճառի համազգեստին մեջ հազիվ թե կարելի էր ճանչնալ զայն, եթե խոշոր ծիծաղն ու տաք ձայնը չցնցեին զինքը։
— Լեռը լեռան չի հանդիպիր՝ մարդը մարդուս կհանդիպի,— ըսավ սուտ փորձառությամբ մը, թավցնելով ձայնը։
— Շանորդի,— մռլտաց ինք անկեղծ խանդաղատանքով մը:
Ու անմիջապես մյուսը սկսավ պատմել իր արկածները՝ Բերիո մեջ, վերջին հանդիպումեն ի վեր։ Ու հետո հոս, Պոլիս, ուր հորը հին բարեկամներեն մեկը այս գործը ճարած էր։ Ապշեցուցիչ արագութչամբ մը հասունցած կթվեր և իր երիտասարդությունը կխայտար ողջ անձին վրա։ Ձայնը հաճելիորեն թավ էր ու վերին շրթունքին վրա աղվամազերը արդեն նշմարելի էին։ Խոսքերուն մեջ ևս բացահայտ էր այդ կանխահաս երիտասարդությունը։ Տարեցներու նման՝ որոշ խնդիրներու շուրջ կհայտներ վճռական կարծիքներ ու զորությամբ կխնդար։ Ծխավաճառի մը առջև կեցավ ու նույն փորձառու շարժումներով, որ կյանքի հաճույքները սիրող ու զանոնք գործածել գիտցող մարդոց մոտ կարելի է հանդիպիլ, տուփ մը գլանիկ գնեց։ Եղունգով բացավ զայն ու երկարեց իրեն։ Այնքան բնական էին անոր շարժումները, այնքան վայելուչ իր հաղթական երիտասարդության՝ որ ինք գաղտնորեն ամչցավ իր համեցող պատանության պատճառավ։ Տարեկիցներ էին թեև, այլ ինք կշարունակեր հապաղիլ կչանքի շեմին վրա, երազելով ինչ որ գավիթին մեջ կրնար գտնել, մինչդեռ իր ընկերը ոռոգված էր կյանքով, կորոտար կյանքով։ Անոր զորեղ կզակը կհայտներ կանխահաս վճռականություն մը ու ինք կզարմանար, թե ինչպես, ամբողջ երեք տարի, այդ տղան, այս մարդը, քալած էր իր շուքին մեջ, անաղմուկ հաճությամբ մը։
Երեք քաղցր ու արկածալի տարիներ, երբ պզտիկ բաժա-