Այս էջը սրբագրված է

եկած էր, նույն երկվայրկյանին իսկ, կբխեր իր էության խորեն։ Ու գրեթե երջանիկ էր մեծ մորը բրտորեն պատասխանած ըլլալուն համար։

Առավոտը ոսկյա դրասանգներ կհյուսեր ծառերուն տանիքներուն վրա։ Մոլորած ճնճղուկներ պատերուն քսվելեն կսահեին ու ծեր վաճառորդ մը կհառաջանար դեպի հարուստ թաղերը։ Հայ ընտանիք մը արագաքայլ անցավ։ Գրեթե երիտասարդ կին մըն էր, աղջնակ մը ու անոր ձեռքեն կախված մանչուկ մը։ Եկեղեցի կէրթան, մտածեց ու մեկեն, հայրենի քաղաքին կիրակնօրյա առտուն ծածանեցավ վրան։ Ու այդ առավոտը եկավ ու գրկեց զինքը։ Կքալեր այս քաղաքին պողոտաներեն, այլ իր հոգին հոն էր, հայրենի պարտեզի մեջ։ Ու վերստին նույն անուշ սույլը եկավ թառեցավ շրթունքներուն վրա, ինչպես մեղու մը կթառեր ծաղկի բաժակի մը վրա։ Բերանը կլորցուց ու սկսավ սուլել։ Հոգին այնքան թեթև էր, որ կարծես չէր զգար մարմնին ծանրությունը։ Կրնա՞ր պատահիլ միթե, որ վերստին կյանքը բաբախուն ու գեղեցիկ ըլլար։

— Մտիկ ըրե՛,— ըսավ Արշամ,— եթե իրապես որոշած ես որբանոց մտնել, քեզի հետ եմ։ Այսօրվընե շուտ չկա։ Հորս բարեկամը, որ խոստացած էր հարկ եղածը ընել, մոտակա փողոց մը կապրի...

— Երթանք,— ըսավ ինք անվարան։

Ու երջանիկ էր հին օրեր ու վճռականությունը վերագտած ըլլալուն համար։ Սեղանի վրայի տուփեն գլանիկ մը վերցուց ու վառեց զայն, ծուխը արձակելով օդը ու սպասելով, որ ընկերը պատրաստվի։ Ողջ մարմնին մեջ հաճելի ջերմություն մը կար ու երգելու զորեղ փափագ մը կոկորդին մեջ։

— Եթե երգես, տանտիրուհիդ չի՞ նեղանար,— հարցուց մեղմորեն։

Ընկերոջը խոշոր ու զվարթ խնդուքը պատասխանեց իր հարցումին ու ճիշտ նույն պահու դուռը բախեցան։ Երկու տարիքի միջև՝ հաճելի արտաքինով կին մը մտավ ներս, նախաճաշի ափսեն ձեռքը։

— Տիկին Շնորհիկ,— ըսավ Արշամ,— ահա ընկերս, որուն մասին կխոսեի, անունը Բաբկեն է։ Իրար աքսորի մեջ ճանչցած ենք...