Այս էջը սրբագրված է

Հաջորդ օրերը սահեցան անզգալիորեն, տեսակ մը թմբության մեջ։ Վերջին պահուն սակայն, անգամ մը ևս ու Արշամի ներկայության, ստիպեցավ լռությամբ ընդունիլ բառերու այդ ամբողջ հեղեղը։ Գլուխը քաշեց ուսերուն մեջ ու լռեց։ Կզարմանար, թե ինչպե՞ս կրնար զսպել ինքզինքը ու չորոտալ։ Ու մորաքրոջը պզտիկները, որ սրունքներուն շուրջ կթափառեին՝ իրենց գանգուր գլուխներովը, որ երբեմն կփաթթվեին իրեն՝ մանկական քաղցր բացականչություններ արձակելով, ավելի քան կհուզեին զինքը։ Հայացքը բարձրացուց ու դիտեց Վերգինե մորաքույրը, որ վերստին տրտում էր ու լուրջ։ Անտարակույս, ան ևս երջանիկ չէ, մտածեց յուրովի, հակառակ իր երիտասարդության, իր գեղեցկության, այդ երկու չքնաղ մանուկներուն։

— Աստված թող դատավորդ ըլլա, տղա՜ս...

Վերջացուց մեծ մայրը շնչաբեկ ու ինք առիթեն օգտվելով՝ կուզեր փախիլ դուրս վերջապես, երբ Վերգինե մորաքույրը ղրկեց զինքը ու համբուրեց։ Անոր թարթիչներուն եզերքը արցունքի կաթիլներ կային։ Բուռն շարժումով մը ինքզինքը ազատեց այդ սեղմումեն ու նետվեցավ դուրս։ Կոպերը կայրեին կարծես ու սիրտը կնեղեր զինքը։ Ո՜չ, աշխարհը նույն աշխարհը չէր ու վերադարձը հաղթական ոչինչ ուներ։ Վերարկուին օձիքը բարձրացուց ու մեղմորեն ըսավ.

— Արշամ, հատ մը տուր ծխենք...

— Առ,— ըսավ մյուսը գրեթե զվարթ,— վաղը նոր կյանք մը պիտի սկսինք։ Նոր ընկերներ պիտի ունենանք։ Մտքեդ կանցնե՞ր, թե վերստին որբանոց պիտի իյնայինք։ Շիտակը եթե կուզես՝ մեր ընտանիքը այլևս որբանոցն է...

Տրտմությամբ նայեցավ իր ընկերոջը աչքերուն, զարմանալով, թե ինչպե՞ս ան ևս նու՛յն մտածումը ունեցած էր, գրեթե իր բառերը գործածած։ Տարբեր ճամբաներե՝ ահավասիկ կհանդեին նույն հանգրվանին, նույն հասարակաց երդիքին ու հանկարծ հիշեց Բերիո բոլոր գիշերները, աստղազարդ երկինքն ու գիշերվան ակոսներուն մեջ ծվեն-ծվեն արևելյան տրտմաթաթավ մեղեդիները։ Կրնա՞ր ըլլալ միթե, որ երջանկությունը ետև ձգած ըլլար, աքսորի ճամբաներուն վրա։ Կրնա՞ր ըլլալ միթե, որ կյանքը նոր ու լուսաթաթախ գարուններ վերապահած չըլլար իրեն։ Ու ինչո՞ւ այդ տղան կշարունակեր