սկսա հարվածել զինքը, մինչ Արշամ բռնած էր մյուսին կոկորդեն ու կապտակեր զայն։ Աննկարագրելի աղմուկ մը կթավալեր ճաշարանին մեջ։ Բայց ոչինչ կրնար զսպել զիս: Գարշելի հայհոյանքներ կթափեին բերնես, մինչ հակառակորդս արյունալվա՝ կջանար փախիլ հարվածներես։
Չեմ հիշեր, թե ո՞վ և ինչպե՞ս հաջողեցավ զիս դուրս հանել ու կարգը վերահաստատել։ Գավիթին մեջ Արշամին հետ կուշտ-կուշտի գտանք մենք մեզ։ Շապիկս պատռած էր ու թեզանիքիս և ձեռքերուս վրա արյան հետքեր կային։ Սանդուխին վրա նստա ու լռեցի։ Զայրույթս դեռ չէր խաղաղած ու ողջ մարմինս ջերմի մեջ էր։ Ընդոստ ոտքի ելա ու ըսի.
— Ես կերթամ կոր...
— Ո՞ւր,— հարցուց Արշամ մեղմորեն։
— Ուր կուզե թող ըլլա,— պատասխանեցի,— ժամ մը ավելի չեմ կրնար հոս և կամ թե այդ փուշտերուն դաս մը պիտի տամ, որ մինչև մահ չմոռնան իրենց սրիկայությունը...
— Եթե երթալ պետք ըլլա՝ միասին կերթանք,— հարեց Արշամ,— սպասե որ իրենք կարգադրություն մը ընեն...
Բայց ես առանց այլևայլի գացի ննջարան, իրերս պատրաստելու համար: Ողջ էությունս ալեկոծության մեջ էր։ Շարժումներուս մեջ հիվանդագին աճապարանք մը կար, քանի որ ձեռքերս կդողային ու նույն առարկան քանի մը անգամ կտեղափոխեին։ Քիչ հետո Արշամը ևս եկավ, իր խոշոր գլուխը ծռած ու անձայն սկսավ նույն աշխատանքին։
— Ի՛նչ որ զիս կգայրացնե,— ըսավ խուլ ձայնով մը,— բարոյականի անվերջ դասերն են։ Եթե նույնիսկ իրավունք ունենան, պետք է որ քիչ մը փափկանկատ ըլլան։ Անընդհատ կհիշեցնեն, թե տղա ենք ու կյանքը չենք ճանչնար, թե տարիներ հետո պիտի զգանք, թե իրենք իրավունք ունեին...
— Երբ որ իրենց նման ծերանանք,— ըսի զայրույթս ջանալով զսպել,— երբ հոգնինք կյանքեն, կրնա ըլլալ, որ իրենց պես մտածենք...
Ձմռան արևը կխաղար մեր տարտղնված հագուստներուն, իրերուն վրա։ Ու ես կյանքիս մեջ առաջին անգամ զգացի, թե տեղե մը մեկնիլը միշտ հաճելի չէ։ Ո՞ւր կրնանք երթալ, կըսեի մտքես, երբ մեկեն հիշեցի խնամատարության երիտասարդ պաշտոնյաներեն մեկը, որ իրական բարեկամություն ցույց