— Այո՛,— կմկմացի հայացքս ծածկելով։
— Կարևորը միայն ապրիլը չէ,— ըսավ վերստին տիրապետելով իր ձայնին,— այլ մեծությամբ ապրիլ։ Վստահ եմ, որ կհասկնաք ըսածներս։ Պետք է որ այս ազգը իր վերքերը կապե, պետք է որ այս ազգը իր մեջքը շտկե։ Պետք է որ դուք, որ անապատեն կուգաք, օր մը առանց տատանելու տեր ըլլաք ձեզմե պզտիկներուն...
Վայրկյան մը խորին լռություն տիրեց սենյակին մեջ: Դուրսեն կլսվեր տղոց զվարթ աղմուկը ու ձմրան մեջտեղը գարնանային այդ քաղցր արևը կոռոգեր իրեն ու մեզ։ Արտասվելու անզուսպ ծարավ մը կար կոկորդիս մեջ։
— Այս դեպքը եթե չպատահեր ալ մտադիր էինք ձեզ նորաբաց գիշերօթիկը ղրկել։ Պոլսեն հեռու չէ, արձակուրդներուն կրնաք գալ։ Այսօր իսկ հարկ եղած դիմումները պիտի ընեմ, որ շուտով մեկնիք։ Կուզեմ հուսալ, որ հոն տիպար աշակերտներ պիտի ըլլաք ու պիտի թույլ չտաք, որ զղջամ ձեզի օգնած ըլլալուս համար։ Բայց մեկնելե առաջ, պետք է որ հրապարակավ ներողություն խնդրեք պարոն Տիրատուրյանեն։ Ընթրիքին, բոլոր տղոց ներկայության...
Հայացքը կարծես կխուզարկեր հոգվույս հետին ծալքերը: Ու ձեռքերը միշտ գեղեցիկ էին՝ սեղանին իրերուն վրա։
— Ներողություն պիտի խնդրեք առանց հետին մտքի ու կամովին։
Կզգայի, թե Արշամ պիտի արտասվեր հուզումեն։ Ես ևս խորապես հուզվեցա՝ անոր բացառիկ հավատարմության պատճառավ։ Կզգայի, թե ողջ հոգիովը պատրաստ էր ընդառաջ երթալու ընդհանուր հսկիչին թելադրության, բայց կսպասեր ինձմե ազդանշանի։
— Կլսե՞ս, Բաբկեն,— հարեց, սևեռելով աչքերը,— ներողություն պիտի խնդրեք կամովին...
— Այո՛,— մրմնջեցի ու աչքերս թրջեցան։
Անկողնիս վրա նստած կգրեմ այս տողերը։ Տղաքր կքնանան։ Արշամն իսկ, որ երկար ատեն արթուն էր, ի վերջո փակեց աչքերը։ Լուսնկան միշտ լման է ու աղվոր ու ծովուն աղմուկը կլսվեր հեռուեն։ Ի՜նչ անուշ գիշեր մըն է։ Բայց հոգիս անհանգիստ է ու տրտում։
Ողջ էությամբս սկսած էի սիրել այս դպրոցը։ Պարտեզը