Ճերմակ, աղջկա մը պես փափուկ տղա մըն է ու ստուգապես ուշիմ։ Հայու խոշոր, խորունկ ու սև աչքեր ունի՝ երկար արտևանունքներով, որ իրապես շուք կձգեն դեմքին վրա և ոչ թե ենթադրությամբ, ինչպես գրագետները սովորություն ունին պատեհ ու անպատեհ առթիվ գրելու։ Ձայնը դեռ կազմված չէ ու մանկական անուշ ոլորումներ ունի։ Երբ տղաքր տրտում ըլլան, երբ զորությամբ ու ավաղանքով հիշեն իրենց կորուսյալ ազատությունը՝ կխնդրեն իրմե, որ երգե։ Քարի մը վրա կնստի ու կձգե իր մեղմանուշ ձայնը։ Ու լոկ այդ ձայնը կբավե զինքը զատորոշելու համար մյուսներեն, սիրելու համար զինքը պզտիկ եղբոր մը պես։ Դեմքը ամբողջովին կլուսավորվի, մորթը կարծես նուրբ թափանցիկություն մը կստանա ու աչքերը խոնավ կթվին հուզումեն։ Ու կերգե ինչ որ ուզես՝ թրքական շարգիներեն սկսյալ մինչև մեր հոգեշունչ ու հիշատակներով բեռնավոր շարականները։ Ու հաճելիորեն լռակյաց է։ Երբ հոգնած ըլլաս խոսելե, կնստի քովդ ու մեղմորեն կսուլե։ Որքան հաճախ՝ նախընթրիքի դադարներուն, երբ մյուսները ազատ արձակված անասուններու պես կխաղային, կմոտենար ինձ, երկչոտությամբ կնստեր մոտս ու կլսեր։ Հայնժամ կխնդրեի իրմե, որ երգե ամենեն շատ սիրած երգս։ Ու ան գլուխը կհակեր սակավիկ մը աջ ուսին ու կթողուր, որ ձայնը ծորի։
|
Զիս սիրելու գլխավոր պատճառներեն մեկն ալ՝ իր մանուկ, բայց անըմբռնելիորեն խորունկ սերն էր դեպի գրականությունն ու հայ լեզուն։ Օր չէր ըլլար, որ իր երկչոտության հաղթելով՝ չմոտենար ինձ ու հարցումներ չտար։ Երեց մորաքրոջս տղուն բոլոր գրքերը կլափեր ինձ պես, առանց ընտրության։ Սկիզբը կկարծեի, թե կարդացածը չէր հասկնար, բայց շուտով համոզվեցա, որ ոչ միայն կհասկնար, այլև լուրջ կարծիքներ կկազմեր։ Հաճախ կնստեինք քով քովի, գիրք մը իմ ծունկերուս ու գիրք մը իր ծունկերնուն վրա ու առձեռն Հայկազյանը, որ մորաքույրս նվիրած էր ինձ, երկուքիս միջև։ Այդպես է, որ կարդացինք Վարուժանի Ցեղին սիրրտը, որ ես կճանչնայի արդեն ու Տիրան Չրաքյանի Նոճեստանը: