Այս էջը սրբագրված է

անօրինակ արարածը, կորսնցուցած պաղարյունությունը, կջանար վրաս խուժել։ Տղաքը բոլորը ոտքի էին, ոմանք զվարճախառն բացականչություններ կարձակեին, մինչ ուրիշներ հեգնությամբ կերգեին.

Թելեկրաֆըն թելլերի,
Փամպուկ կիպի էլլերի...[1]


Դասարանին Բենիամինը, շեկ ու գռուզ տղա մը, գրասեղանի մը վրա ելած, ահարկու ժխոր մը կհաներ ու կգոռար.

— Տե՛ տղաք դուս հանինք աիրեկը...

Բայց չկրցանք գոհացում տալ իրեն։ Արդարև, դուռը բացվեցավ ու երևաց տնօրենին խոժոռ դեմքը։ Աղմուկը գոցեց իր թևերը ու ամեն ոք սահմռկեցուցիչ լռությամբ մը իր տեղը գրավեց։ Լոկ ես էի, որ ոտքի՝ կսպասեի փոթորիկի պայթումին։ Իրողության մեջ ես իսկ սարսափահար էի հանդգնութենես, բայց սարսափս տնօրենեն չէր, հապա հորմես։ Թաղական Խորհրդի ատենապետին տղան իրավունք չուներ անկարգապահ ըլլալու։ Բացի այդ՝ հորս բազմաթիվ անհեղլի սկզբունքներեն մեկն ալ ասիկա էր՝ ուսուցիչները միշտ իրավունք ունին ու աշակերտները միշտ պետք է հնազանդին։ Հայրս այսպես կըմբռներ դպրոցական կարգապահությունը։

Տնօրենը անխոս մոտեցավ ինձ ու հանդարտորեն ըսավ.

— Նորեն դուն ես, որ կարգը կխանգարես, ըմբոստություն կհանես, անցի՛ր գրասենյակս...

Ակնոցներուն տակեն իր խելացի աչքերը կպճլտային։ Հետո դառնալով ուսուցչին.

— Խնդրե՛մ, դասերն դ շարունակեցեք...

Ձեռքերս կռնակս, բայց հայացքս ուղիղ կեգած էի տնօրինության սեղանին մյուս կողմը։ Այսօրվան պես կհիշեմ, գարնան զվարթ օր մը էր ու կտուրին տակ զույգ մը ծիծեռնակներ կծլվլային։ Պատին վրա կախված էր ներսես Վարժապետյան պատրիարքին մեծադիր նկարը։ Տնօրենը վերջապես որոշեց խոսիլ, բայց իր ձայնը ոչ մեկ զայրույթ կմատներ։

  1. Հեռագրալարերը,
    Բամբակի նման ձեռքերը։