Այս էջը սրբագրված է

Որքա՜ն սիրով տոչորուն ու անմեղ էր մեր պատանությունը՝ հակառակ այդ սանձաբեկ ու արկածալից կյանքին։ Այլ կիլիկեցի Պետրոսին կարծածին չափ միամիտ չէինք։ Ինչ որ սակայն մեր հոգին չէր ընդուներ այդ քաղցր աղջկան վրա դյուրությամբ ձգված հանցանքի ստվերն էր։ Ինձ կթվեր, թև անկարելի էր, որ անոր անուշ ակնարկին ետին մեղքը ծվարած ըլլար։ Չեմ գիտեր ինչպես միտքս բացատրեցի Արշամին, այլ այդ վստահությունը բավեց, որ մեր հոգիները խաղաղին ու քունը վերջապես մեր վրան նետե իր աստղածորան վերարկուն։

Նույն օրը, ուշ գիշերին

Կրնա՞ ըլլալ, որ կյանքը լիովին բաժնե մեզ, զիս ու Արշամը։ Երեք օրեն պիտի մեկնեինք, այլ ոչ մեկ տրտմության նշույլ կա վրան: Ընդհակառակն, ողջ անձեն կճառագայթե տարափոխիկ ուրախություն մը։ Քաղաք իջնելու համար հանրակառք առնելու պես պարզ ու զվարթ կթվի իրեն այդ ճամբորդությունը։ Ու իր շեն երիտասարդությունը կպատրաստվի արդեն նոր կյանքի մը ու նոր հաճույքներու։ Կյանքը կպայթի վրան գարնանային աղմուկներով։ Որքան տարբեր է ինձմե ու արյունը ինչ արտորանքով շրջան կընե երակներուն մեջ։ Ու որքան առողջ է իր քունը։

Հսկիչին լույսը մարելեն ու մեկնելեն հետո՝ հազիվ քանի մը վայրկլան փսփսալով կխոսի հետս, ընդհանրապես իր ապագա ծրագիրներեն։ Բայց փութով քունը կհաղթե իր երիտասարդության։ Թեթևորեն կբանա շրթները գրեթե հաճելի աղմուկով մը շնչելով ու կոճղի մը պես կննջե մինչև առավոտ։ Եթե արթնցնել ուզեմ զինքը՝ պետք է որ թոթվեմ ուսերեն ու ականջին մեջ պոռամ։

Երեկ հետմիջօրեին անհետացած էր, առաջին անգամ ըլլալով առանց լուր տալու ինձ։ Ու ինձ թվեցավ, թե Զարեհը տեղյակ էր այդ բացակայության։ Երբ վերադարձավ՝ չհարցուցի իսկ թե ո՞ւր է։ Երկարորեն տնտնաց շուրջս ու հուսկ ապա ըսավ.

— Չես հարցներ, թե ո՛ւր էի...

— Եթե պետք տեսնես՝ կըսես,— ըսի ակամա դառնացած,— վրադ հսկողության իրավունք չունիմ կարծեմ...