Այս էջը սրբագրված է

Նախ պնդում մը կրնե հարցումի ձևով՝ կասկածը սպրդեցնելով մտքիդ մեջ, հետո անժխտելի իրողության մը կապավինի՝ իր բուն ըսելիքը ենթադրել տալու համար։ Իսկ դուն ձախավեր կերպով կսկսիս իրողությունը հերքել, ատով արժեքազուրկ դարձնելով գաղափարներդ, փոխանակ անոք հետին մտքին վրա հարձակելու...

Երկուքն ալ խնդացին ու մեկեն վեճը սպառեցավ։ — Ծո՛,— պոռաց Արշամ,— հայերենի ու փիլիսոփայության դասախոս պետք է որ ըլլաս...

Իսկ Զարեհ նույն քաղցր մեղմությամբ թե՝

— Ինչո՞ւ չէ... Պարոն Տիրատուրյանը անգամ մը կպատմեր, թե Եվրոպայի մեջ հաճախ քսան տարեկան երիտասարդներ կան, որ կհաջողին համալսարանի է՛ն բարձր տիտղոսներուն արժանանալ։ Արևելքի մեջ է, որ քսան տարեկան մարդը մանուկ կսեպեն...

— Դուն մանուկ չես՝ հապա ի՞նչ ես,— կատակեց Արշամ՝ Զարեհի ուսը ծեծելով ու սահեցավ գնաց, աչքը ծռելով ու փսփսալով,— երթամ ծխախոտ մը քաշեմ...

Մթին անկյուններ կային պարտեզին մեջ, ուր տղաքը հաճախ կկորսվեին ծխելու կամ թուղթ խաղալու համար։ Բարեբախտաբար, ձմեռը մեղմ էր, այդ պատսպարված պատերուն տակ ու մինչև ուշ իրիկուն ժլատ արև մը կհապաղեր ծառերուն շուրջ։

12

Դեկտեմբեր տասնըվեց

Կբավե որ արևը ծագի, պատռելով ամպերուն շղարշը, կբավե որ մոլորած թռչուն մը երգե՝ թուփի մը խորեն, որպեսզի սիրտս խախտի տեղեն ու անոր անունը թառի շրթունքներուս վրա։ Այնժամ ողջ մարմինս կոռոգվի հեղուկ ջերմությամբ մը, շրթանցս վրա երգը փշուրներ կծլին ու բազուկներս կարծես ինքնին կբացվին ղրկելու համար ողջ երկիրը։ Զորեղ կարոտ մը կոկորդիս մեջ կվերածվի ուրախության հեծկլտուքի։ Կուզեմ ընկերներուս վրա վազել, կեցնել զանոնք ու պոռալ հոգվույս գորովը։ Բայց ի՞նչ սարսափելի ուժ է ասիկա, այս ժառանգական հպարտությունը, որ