ընթերցումիս մեջ։ Մերթ ընդ մերթ սակայն, աչքերուս տակեն կդիտեի զինքը։ Մահճակալները քաշեց սենյակին մեջտեղը, գորգերը ծալեց ու հանեց դուրս։ Կուզեի օգնել իրեն, բայց չէի համարձակեր։ Ծունկի եկած՝ սկսավ լվալ տախտակամածը։ Երբ դեմքը իմ կողմս կդարձներ՝ իր մերկ բազուկներն ու կուրծքերուն սկզբնավորությունը հանցավոր հուզում մը կպարգևեին ինձ։ Ամոթահար՝ աչքերս կկախեի, բայց երկվայրկյան մը հետո, հայացքս վերստին կթափառեր իր շուրջը։ Երբ մեր նայվածքները կհանդիպեին իրարու, կզգայի իր անփոխարինելի ժպիտը, որ բիբերուն մեջեն կբուսներ։ Ինձ կթվեր, թե այդ ժպիտն Էր որ կհոտավետեր դեմքը։ Հետո մեղմորեն սկսավ երգել՝ տրտում ու մեղմածորան մեղեդի մը, որուն բառերը չէի լսեր։
Առաջին անգամն էր, որ կլսեի զայն։ Արքան հուզիչ ու անուշ էր այդ երգը իր շրթներուն վրա։ Ինձ թվեցավ, թե երջանկութենես պիտի տկարանամ։ Ապշահար մտիկ կընեի զայն ու ինձ կթվեր, թե գարնան խորունկն էի, թե հովը մեղմ ալիքներով կսուրար մարմանդներուն մեջեն, թե զմայլելի ծառեր իրենց կատարներով կհամբուրեին իրար։ Գուցե գիշեր էր ու կայծոռիկներ պճլտուն լույսեր կարձակեին։ Բայց ինչո՞ւ համար չէի լսել բառերը։
— Երգածդ ի՞նչ է,— ըսի անունը տալով։
— Չես գիտեր,— ըսավ մեղմորեն,— եվրոպական կտոր մըն է «Ամրան գիշերվան մը հրազեն»: Երբ դպրոցն էի, հաճախ ընկերուհիներով կերգեինք, բայց ես ալ բառերը լավ չեմ գիտեր... Երաժշտության ուսուցչուհի մը ունեինք, սքանչելի աղջիկ մը, որ Ֆրանսա և Անգլիա ապրած էր, որ երկու երկրներուն լեզուներն ալ դյուրությամբ կխոսեր։ Դաշնակս ալ անոր շնորհիվ կատարելագործած եմ...
— Ուրեմն դաշնակ նվագել գիտես,— ըսի զարմացած։
Հայտնապես կամչնար ասոր համար։ Այժմ լավ կհիշեմ, որ շիկնեցավ։
— Այո՛,- մնջեց հազիվ լսելի ձայնով մը,— քաղաքը դաս կառնեի արդեն։ Հայրս կուզեր, որ դաշնակ նվագեմ։ Մեր տունը եթե եկած ըլլայիր, կգիտնայիր, թե քաղաքին լավագույն դաշնակներեն մեկը ունեինք...
Իսկ ես, որ խորապես կսիրեի երաժշտությունը, առանց