անպայման օտար բառերուն կցել հայերեն թարգմանությունը։ Օփերային՝ հարկ էր քնարախաղ ըսել, էնթրիկի դիպախաղ, մելոտիին՝ մեղեդի, մաթինեին՝ ցերեկույթ։ Իսկ ես անընդհատ կնեղեի զինքը անթարգմանելի օտար բառեր հավաքելով, ասկե անկե։ Երբեմն կհաջողեի 8—10 հատ ճարել։ Հայնժամ հաղթականորեն կմոտենայի ու հանդգնությամբ կկեցնեի զինքը, օտար անուններու տարափի մը տակ տապալելով զայն։ Հաճախ սակայն կհաջողեր հայերեն նորակազմ բառեր ճարել, որ ամոթահար կձգեին զիս, ճաշակիս գոհացում տալով։
— Օրիորդ,— կըսեի՝ խեղկատակ ժպիտով մը բռնելով թևեն,— քոքեթին ի՞նչ կըսեն հայերեն։
— Կարելի է վայելչասեր թարգմանել,— կպատասխաներ համեստությամբ,— կամ պճնասեր, պչրասեր, պչրոտ...
Կզարմանայի ինքս ինձ դեմ, քանի որ երբեք ընդունակ չէի եղած այդ արագությամբ երկու-երեք հոմանիշ ճարել որևէ բառի։ Բայց կշարունակեի հուսալով հաղթել։
— Ռըտենկոթ,— կմրթմրթայի ծաղրածությամբ։
Թևը կթոթվեր ու կխնդար։
— Քանի մը անգամ ըսի քեղի, որ ամեն լեզու հարազատ ու անթարգմանելի բառեր ունի։ Ռըտենկոթը հայկական հագուստ չէ...
— Հերիֆ,— կհամառեի անկարեկիր...
— Հերիֆ ըլլալու համար, թուրք պետք է ըլլալ...
— Հայերեն ի՞նչ կըսեն...
— Եթե իրապես ի՛նչ նշանակելը գիտնաս՝ հայերենը կըսեմ։
Անշուշտ գիտեի, քանի որ երկրորդ անգամ ըլլալով վերջացացած էի Թշվաոները: Ճախարակի պես կքակեի խոսքիս թելը:
— Հայերենը ըսե՝ տեսնեմ...
— Փարիզյան ստահակ,— կհառեր վարանելով։
— Թու աժուռ գուլպաներուղ ի՞նչ կըսեն։
— Ծակոտկեն,— ու հանդիմանելով զիս,— ծո՛, մեկ զույգ աժուռ գուլպա ունիմ, ան ալ Վերգինեն նվեր ըրած է ինձ։ Կկարծեի թե կիներու հագուստներուն ուշադրություն չէիր ըներ։