Այս էջը սրբագրված է

կհուսայի, որ հանգիստ պիտի ձգեին զիս։ Այդ ապաժամ ու անպատեհ այցելությունը իրապես կնեղեր զիս։ Ակամա քայլերս նետեցի առաջ ու զգացի, որ ընկերներս կհետևին ինձ։ Ավելի լավ, ըսի մտովի, գեթ տղոց ներկայությունը պատճառ կըլլա, որ ավելորդ տեսարանե մը ազատիմ։ Բայց երբ նշմարեցի զայն, այդ երիտասարդ ու քաղցր կինը, որ մորս արյունը կկրեր երակներուն մեջ, մեկեն սիրտս ելավ։ Որքա՜ն գեղեցիկ էր առտվան լույսին մեջ ու որքա՜ն վայելուլ։ Անաղմուկ մոտեցավ ինձ և ուզեց գրկել ու գուցե համբուրել զիս։- Բնազդաբար քաշվեցա ետ ու հիշեցի միջադեպ մը, որուն մասին չեմ կարծեր, որ ոչ ոքի կարենամ խոսիլ օր մը: Անզսպելի դող մը կցնցեր մարմինս։ Ու աչքերս չէի համարձակեր բարձրացնել։ Բարեբախտաբար Արշամ մոտեցավ համարձակությամբ ու ձեռք երկարեց։

— Բարև ձեզ, տիկի՜ն,— ըսավ իր առողջ ձայնովը, ի՜նչ հաճելի անակնկալ, առտվան այս ժամուն...

— Կուզեի վստահ ըլլալ, թե Բաբկենը հոս պիտի գտնեմ...

Ու մեկեն փղձկեցավ ու բազուկները անգամ մը ևս պարզեր՝ զիս գրկելու համար։ Մեղմությամբ բռնեցի ձեռքերը, չգիտնալով թե ի՞նչ կրնայի ըսել։ Ի՜նչ անմիտ վիճակ էր։ Ես որ ո՛չ գորովս հայտնել գիտեի, ո՛չ ալ հաճությամբ որևէ խանդաղատանք ընդունիլ ու երիտասարդ մորաքույրս, որ գուցե իրապես կարոտցած էր զիս... Վերստին Արշամն էր, որ կացությունը փրկեցի ներկայացնելով Զարեհը մորաքրոջս։ Ու զգացի, թե այս վերջինը անմիջապես սիրեց այդ նուրբ տղան։

— Պետք է որ երեքդ ալ ճաշի գաք կիրակի կեսօրին,— ըսավ արցունքները սրբելով,— որո՞ւն պետք է դիմել արտոնություն ստանալու համար...

— Արտոնության մասին հոգ մի՛ ընեք,— պատասխանեց Արշամ,— մենք ամեն ինչ կկարգադրենք...

Ու ես, որ ոչ մեկ գնով կուզեի վերադառնալ այդ ընտանիքին ստիպվեցա անձայն ընդունիլ այդ առաջարկը, նույն պահուն իսկ որոշելով՝ վերջին ժամուն երկտողով մը օձիքս ազատել։ Ու վայրկյան մը իսկ չսպասեցի, մորաքրոջս մեկնումեն հետո, որոշումս հաղորդելու համար ընկերներուս։