Զարմանալին այն էր, որ Արշամ ընդունեց այդ հայտարարությունս չարաճճիորեն ժպտուն։ Իր զորեղ ձեոքով ուսս ծեծեց ու խնդաց։
— Ես քեզ նեղ վիճակե մը ազատելու համար էր, որ աճապարանքով այդ հրավերը ընդունեցի։ Մարգարե ըլլալու պետք չկար՝ համոզվելու համար, որ չէիր ուզեր երթալ։ Ինչ որ է,— հարեց փիլիսոփայորեն,— հաճելի օր մը կրնայինք անցընել։ Բայց քանի որ այդ ճաշը ջուրը ինկավ, ուրիշ ձևով կրնանք զվարճանալ։ Ընդհանուր հսկիչին կըսենք թե մորաքրոջդ տունը հրավիրված ենք ու կէրթանք ճաշարան մը, երեքով,— հարեց տարափոխիկ զվարճությամբ մը, իր ուժեղ թևերուն տակ պատսպարելով մեր ուսերը,— ու ցերեկեն հետո շարժանկարի։ Հանրակառքի տոմսակներեն դեռ մանրուք կա վրաս,— հարեց աչքը քթթելով,— ու Զարեհը դեռ բնավ շարժանկարի չէ գացած։ Համաձա՞յն ես, Բաբկե՛ն, հո՜բ, ձե՛ռքդ...
Հին օրերու պես զարկի ափին ու կարծես թե արյունս ազատեցավ մեկեն իր տրտմութենեն, իր աղտերեն, իր խոնջենքեն: Ու ամիսներե ի վեր առաջին անգամ ըլլալով, շինծու պատրվակով մը, սկսա գզվըռտիլ Արշամին հետ, տապլտկելով ցուրտ հողին վրա, վերագտնելով մարմնիս հաղթական երիտասարդությունն ու արյանս ուժեղ ժայթքը։
Անկողինիս խորը կծկտած, մոմիս դողահար լույսին տակ, կջանայի հինցած Նարեկի մը էջերուն վրա կրոնաշունչ բանաստեղծին գաղտնիքը կորզել, երբ Արշամ գողունի մոտեցավ անկողնիս ու գետինը ծալապատիկ նստավ։ Նայելով դեմքին, զգացի, թե շուտով հեռանալու միտք չունի։ Արդարև դրացի անկողնի մը վրայեն վերարկու մը վերցուց ու նետեց ուսերուն, մերկ ոտքերը ծածկեց գիշերանոցին տակ ու ձեռքերը պահեց անութներուն ներքև։
— Քունս չի տանիր կոր,— ըսավ ակռաներուն մեջեն։ — Երանի քեզ, որ այս ցուրտին կրնաս կարդալ։ Ի՞նչ է կարդացածդ...
— Նարեկ, բայց դժվար է հասկնալը։