քաղցր աղմուկին, զանգակներու ղողանջին ու շապիկ հագած տղոց մելանուշ ձայներուն մեջեն, պատարագիչ քահանան, սրբորեն հանդերձյալ, կմերձենար խորանին, ինձ կթվեր, թե իրապես-քրիստոս կպատարագեր, ինչպես կըսե Վարուժան։ Ան կհառաջանար, հավերժական լույսերու պսակ մը ճակտին շուրջ՝ բերելով խաղաղություն մարդոց։ Այժմ իսկ հոգիս խորունկ գորովով մը կուզե մատչիլ Աստծո ու Լուսավորչի ու Նարեկացիի Աստծուն, որ կարտասվե մեր ազգին նվաստության պատճառավ։ Երկրի վրա մեր շարականներեն անուշ երգ չկա ու կրնա՞ ըլլալ, որ մարդիկ դարերով ծնկաչոք հայցած ըլլան իր սկզբնական լույսը՝ առանց նախազգացումը ունենալու անոր հրաշափառ լինելության։ Ինչո՞ւ մարդը, հակառակ իր ամբողջ գիտության, իրիկվան հովերեն սարսռուն ու երփներդյան ծաղիկ մը չէ կրցած ստեղծել դեռ։ Իմացականությունս կմերժե զայն, այլ հոգիս խորին գուրգուրանքով մը կտենչա, որ անոր լույսը ճառագայթե մեր վրան ու լվա մեզ մեր աղտերեն։
բ) Ո՞ր Աստծուն։ Աստված չէ, որ մարդը ստեղծած է համաձայն իր պատկերին, այլ մարդն է, որ կերտած է զայն, դարե ի դար, իր սարսափին կամ իր կրքերուն գեղեցկությամբ։ Եթե անհրաժեշտ ըլլա Աստված մը ընտրել՝ հրեաներու զառամած ու ոխերիմ Եհովային ու բոցերուն մեջեն վազող ու կրակե մորուքով մեր Վահագնին միջև երկվայրկյան մը իսկ չեմ վարանիր։ Արդի մարդը պետք է, որ հաղթե այդ հին կուռքերուն ու անոնց փլատակներուն մեջեն բարձրանա, ավետելու համար իր զորությունն ու հրճվանքը։
գ) Իսրայելցիներու Աստվածը պարոն մըն է, որ քսան դարե ի վեր՝ պատրվակ կուտա զորավարներուն իշխելու տկարներուն վրա, կեղեքելու զանոնք։ Մարդոց բոլոր աստվածները գործիք ծառայած են միշտ՝ բոլոր ուժեղ սրիկաներուն ձեռքը։ Որքան ատեն որ մարդկությունը չհաջողի կործանել այս բոլոր խրտվիլակներուն պատվանդանները՝ զուր է գահընկեց ընել թագավորները։ Գալով հրեաներու ջրհեղեղյան պարոնին՝ գեթ գեղադեմ ըլլալու առաքինությունն իսկ չունի, Կցավիմ միայն, որ մարդիկ այս հանդիսավոր խրտվիլակներու կարավանին կխառնեն նաև կապույտ աչքերով Նազովրեցին, մարդու որդին, մեր եղբայրը։ Ահա՝ միակ թագա-