անապատի մը։ Հոգիս շնորհակալ է նույնիսկ իրմե եկած՝ անձկություններուն ու տառապանքին համար, վասնզի ան կյանքն է ու կյանքին հրճվանքը։
Զույգ շարքի վրա բաղնիքեն կվերադառնայինք, երբ այդ անակնկալ հանդիպումը պատահեցավ։ Առաջին անգամ Արշամն էր, որ նշմարեց զայն ու արմունկով այնպիսի սաստիկ հարված մը տվավ թիկունքիս, որ քիչ մնաց պիտի իյնայի գետին։ Երևակայությունս կթափառեր վերստին անոր քղանցքին շուրջ ու ոչ մեկ հանդիպում ընդունակ էր զիս խլելու ներքին երջանկութենես։
— Ծո՛ նայե կըսեմ քեզի,— ըսավ Արշամ, — Արմինեն... ճիշտ այդ երկվայրկյանին այս վերջինը նկատեց մեզ ու իրապես սրտագրավ ու ինքնեկ ուրախությամբ մը բաժնվեցավ իր ընկերուհիներեն ու վազեց մեզի։ Հսկիչին ժպտուն ու համախոհ ակնարկին տակ, շարքերեն ելանք դուրս, մինչ բոլոր տղաքը իրենց սիրուն գլուխները դարձուցած կդիտեին մեզ։
— Շատ չուշանաք,— հանձնարարեց հսկիչը բարեմտությամբ։
Երբ տղոց վերջին շարքեր կորսվեցան, կից փողոցին մեջ,, վարանքով աչքերս բարձրացուցի ու քիչ մնաց՝ ճչայի բերկրութենես։ Երբեք չէի կրնար երևակայել, թե քանի մը ամիսներու բաժանումը այդ աստիճան կրնար գեղեցկացնել երիտասարդ աղջիկ մը։ Սակայն հրճվանքիս արագությամբ հաջորդեց հանցանքի սուր զգացում մը։ Կարելի՞ է միթե, կըսեի մտովի, որ հայացքս զգայուն ըլլա ուրիշ աղջկան մը գեղեցկության։ Դեմքը լուսնային լիություն մը ստացած էր ու իր- ճերմակ ու նուրբ մորթը՝ թավշային մեղմ փայլ մը։ Ամեն ինչ անմեղություն ու մանկություն էր վրան։ Իր ճոխ ու գանգուր վարսերը թեթևորեն կդողային հովեն ու աչքերուն խորը՝ անիմանալի հրճվանք մը կար, որ ոչ միայն կարտահայտեր իր ներքին երջանկությունը, այլև մաքուր երիտասարդություն մը։ Բրդե սպիտակ չփակ մը կսեղմեր կիսանդրին սիրուն գոտիով մը։ Ոչ միայն ես, այլև Արշամն ու Զարեհն ապշած էինք հիացումե։
— Ի՜նչ զարմանալի տղաք եք,— ըսավ զվարթ,— կարծես թե խոսիլ չեք գիտեր...
Արշամ էր, որ առաջինը արթնցավ իր հիացիկ ապշութե-