Այս էջը սրբագրված է

գեղեցկության։ Հայացքս զարմանալի ճշտությամբ մը կմանրամասներ յուրաքանչյուրին շնորհը։ Կհիշեմ նույնիսկ, թե աեձկությանս հակառակ խորհրդածություն մը սահեցավ մտքես,— ո՞ր ապուշն է,— կըսեի,— որ կրնա համարձակիլ պնդել, թե հայերը գեղեցիկ չեն։— Այն որ Զարուհի կկոչվեր, հակառակ խարտիշահեր ըլլալուն, արևելյան հեշտավետ գեղեցկություն մը ուներ, գիրգ ու ներդաշնակ միաժամանակ: Երրորդը նուրբ ու թափանցիկ աղջիկ մըն էր, կարծես փխրուն, բայց ոչ նիհար։ Միայն իր խորունկ ու սև աչքերն էին,, որ կմատնեին իր ծագումը։ Անոր ձեռքերը կնմանեին ծաղիկներու։ Ու գուցե իրենց սանձաբեկ զվարթությունն էր, որ անգամ մը ևս խոցեց սիրտս ու ինձ թելադրեց այդ բառերը, որոնց տհաճելի շեշտեն ես իսկ ամչցա։

— Պե՛տք է որ մեկնինք,— ըսի խստությամբ։

Հինգը միասին լռեցին ու երկարորեն դիտեցին զիս, իսկ ես անայլայլ պատրաստվեցա հեռանալ։ Դեմքիս վրա զգացի Արշամին շանթահարիչ ակնարկը, մինչդեռ Զարեհ լռությամբ կհետևեր ինձ։

— Եթե այդքան կվախնաք հսկիչեն, կորսվեցեք գացեք, ըսավ Արշամ արհամարհոտ հեգնությամբ մը ու դառնալով աղջիկներուն,— ես ձեզի քիչ մը կընկերանամ...

Սակայն զվարթությունը անհետացած էր դեմքեն։ Երկարորեն դիտեց զիս ու զգացի, թե արտասանած խոսքերը չէին համապատասխաներ զգացումներուն։

— Ո՛չ,— ըսավ Արմինե,— մենք է որ ձեզի կընկերանանք, քանի որ ազատ ենք։ Իրիկունը աղվոր է արդեն, հաճելի պտույտ մը կըլլա։

Մեր պզտիկ խումբը հազիվ ճամփա ելած էր, երբ ինքզինքս գտա Արմինեին կուշտը, քիչ մը մյուսներեն ետ։ Կուզեի քայլերս արագացնել, ազատելու համար իր հայացքեն ու ընկերակցութենեն, բայց բազուկիս հպելով կեցուց զիս։ Ինձ թվեցավ, թե եղրևանի կբուրեր։

— Ինչո՞ւ կաճապարես,— ըսավ իր դաշն ձայնովը, որ ողջ ամիսներու ընթացքին իմ ուրախությունս եղած էր այն երազ օրերուն,— կարծես թե կուզես փախիլ։ Արքան փոխված ես...

— Դուն ալ փոխված ես,— ըսի մեղմորեն, առանց հայացքս բարձրացնելու։ — Ամբողջ աշխարհը փոխված է...