մը կցնցեր զիս։Ու երեկոյան դեմ հանկարծ դիմադրությանս վերջին պատնեշը տեղի տվավ ու սկսա րերանս ավրել, ինչպես կըսեն մեր քաղաքը։ Զայրույթս ու դառնությունն կյանքին դեմ էր՝ ոչ թե անոր։ Ո՛չ, կարելի չէր, որ այլևս վայելուչ ու հանդարտ մարդիկ ըլլայինք, մենք որ անապատներու դրժխեմ հողմը շնչած էինք ու կյանքին աղտը ունեինք մեր մորթին վրա։ Այն երիտասարդը, որ եղած էի այս ամիսներու ընթացքին, լոկ ծաղրանկար մը կթվեր։ Բոլոր կենսունակ ուժերս ի նինջ էին, արյանս խուլ զվարթության հետ։ Անզգալաբար ոչ միայն կյանքս, այլև բոլոր շարժումներս ու զգացումներս պատշաճեցուցած էի իր կյանքի լուրջ ու տրտում կշռույթին։ Այժմ հնչած էր ազատության ժամը։ Վերստին երիտասարդ գազան մըն էի, որ կվազեր բոլոր հաճույքներուն վրա, բոլոր դյուրին երջանկությանց։
Սուտ կխոսին անոնք, որ կըսեն, թե կպժգան կյանքի շվայտ խնջույքներեն։ Ով որ ուժեղ ձեռքեր ունի, չի կրնալ առանց հեշտության սիրել երկիրը։ Ուժեղ ակռաներ ունեցողները միայն իրապես գիտեն ուտելու հաճույքը։ Արյունս կխայտար իր անհամբերութենեն ու կարծես կսուլեր երակներուս մեջ։ Ագահ ախորժակ մը կզգայի ու ծարավս մեծ էր։ Կյանքը ի՞նչ է, եթե ոչ պզտիկ հաճույքներու կուտակում մը։ Երբ Արշամին հետ կնստեինք տանիքը, լուսնկային տակ, օրվան մը տաժանելի խոնջենքեն վերջ՝ մեր անոթությունը կըրնա՞ր միթե խոնարհիլ որևէ զգացական ծարավի առջև։ Սերը լոկ լրացումն էր մեր երկրային հաճույքներուն։ Կիլիկեցի Պետրոսն էր, որ իրավունք ուներ մեր անմիտ ձգտումներուն դեմ:
— Ի՞նչ է կինը,— կըսեր հեգնությամբ,— տաք անկողին մը...
— Պայմանավ, որ մաքուր ըլլա,— կլրացներ Արշամ, զայն հեգնելով։
— Ուզածիդ չափ հեգնե,— կըսեր մյուսը,— բայց իմ կարծիքս ասիկա է։ Եթե կտրիճ եք, անգամ մը եկեք հետս՝ համոզվելու համար, որ իրավունք ունիմ ..
Իրապես ինչո՞ւ չէինք երթար բնավ։ Կյանքը փորձառությանց շարք մըն է, կըսեի մտովի։ Ու ոչ մեկ պտուղ իր բույրը կարձակե՝ առանց մեր ակռաներուն տակ պատռելու: Ար