Այս էջը սրբագրված է

— Ո՞վ կմտածեր, թե օր մը վերստին պիտի հանդիպեինք իրարու...

Արահետը նեղ ըլլալուն՝ կքալեր քիչ մը առջևեն։ Ու ձմրան զվարթ արևը կարծես կհետևեր իր քայլերուն։ Որքան գեղեցկացած էր այդ քանի մը ամիսներու ընթացքին ու ինչ կանացի քնքշություն կար վրան։ Թիկունքի հաճելի շարժում մը ուներ, որ չէի նկատած դեռ։ Ու վերստին մտածեցի իր մերկ ծունկերուն ու մերկ սրունքներուն։ Ու անգամ մը ևս զայրույթը ծեծեց կողերս՝ կյանքին ու ինքզինքիս դեմ։ Կրնա՞ր ըլլալ, որ այս աստիճան տկար ըլլայի երիտասարդ աղջկան մը առջև։

Ա՞յս է միթե սերը, կըսեի մտովի։ Անձկություն ու վերք ու դավաճան տկարություն։ Ակնարկս գերին էր անոր թիկունքներու ցունցին ու ռունգերս խորին ծարավով մը կծծեն այդ եղրևանիի բուրումը։ Ու որքան կեղծավոր է մեր հոգին։ Կուզեի ես զիս խաբել պնդելով, թե չէի գիտեր թե ո՞վ կսպասե ինձ, մինչդեռ երեք օրե ի վեր այդ գաղտնի հույսը կծածաներ վրաս՝ քաղցր երգի մը պես։ Ու դեռ խոսարանի նրբանցքեն ռունգերս զգացած էին իր ներկայությունը։ Կարծես կնախազգայի, թե պիտի գար՝ այդ նամակը ստացածիս պես, ու հուսահատությանս սև ջրերեն կելլեր այս հույսի ճերմակ ծաղիկը։ Ա՞յս է միթե սերը, կըսեի անկեղծ տվայտանքով մը, որ կփակվի ընդմիշտ, կկարծես, թե գիշեր է վրադ ու հանկարծ պատուհանեն նոր առավոտ մը կծագի։ Տվայտանք, ամուր հույսեր ու դյուրին սպիացում մը։ Կրնա՞ ըլլալ, որ հետո վերքը միշտ կոտտա։ Վերստին արթնցող ցանկությանս քովն ի վեր, կբարձրանար դառնությանս սև բոցը։ Կյանքեն ապականած էակ մըն եմ, կըսեի յուրովի, ոչ մեկ մաքուր ու հավատարիմ զգացում կրնա ընձյուղիլ հոգվույս խորեն։ Կյանքը ա՞յս է միթե։ Հոգիս մթին է ստորերկրյա գյուղի մը պես ու խլուրդի մը պես կսիրեմ գիշերը։ Ո՞ւր է գարունը հոգվույս, ո՞ւր են սրտիս ծաղիկները։

— Եթե չեմ սխալիր՝ մոտիկ ազգականներ ունիմ, կըսեիր։ Ինչո՞ւ համար կրկին որբանոց մտար...

— Արշամին հետ միասին ըլլալու համար,— ստեցի անվարան։

Կարելի չէ՞ր միթե առաջին քայլը ընել։ Կրնայի մեղմորեն