մոտենալ իրեն ու առանց խոշոր բառերու թևը մտնել, կրնայի ձեռքը պահել ձեռքիս մեջ։ Երբեք պիտի չկարենամ, կըսեի յուրովի, ինքնեկ, ինքնաբուխ շարժումով մը մոտենալ որևէ հաճույքի։ Ինձ կթվի, թե ոչ մեկ ուրախություն նախասահմանված է ինձ։ Ընդունակ եմ պտղաբարձ ձառի մը քովեն անցնելու, ամրան տոթ օրով, առանց ձեռքերս երկարելու։ Հպարտությունը ուտիճի մը պես կկրծե ներսես՝ բոլոր հրճվանքներս։ Կայծակե զարնված ձառի մը պես անոքիկ եմ ու անպտուղ։ Ոչնչի մոտենալ գիտեմ պարզ հրճվանքով մը ու ոչնչի վրա կուզեմ ծռիլ հայցելու համար սերը երկրին։
Երեկոյան ճառագայթները այժմ մեր դեմքերուն վրա դրասանդ կհյուսեին։ Ակնարկս հանդիպեցավ իրենին ու վայրկյան մը թվեցավ, թե ամեն արարք կրնա դյուրությամբ տեղի ունենալ, թե սերը ոչ մեկ արդարացման կկարոտի։ Բայց ինչու հոգիս հուսահատութենեն կնվար։
— Եթե կուզես մեկնումեդ առաջ քեզ մերիններուն կրնամ ներկայացնել։ Մորաքույրս զարգացած կին մըն է, վստահ եմ, որ պիտի սիրես զինքը...
Չէ՛ի գիտեր, թե ինչ էր ցանկությունս։
— Չես պատասխաներ,— պնդեց ժպտուն՝ թոթվելով ձեռքս,— կարծես թե կամչնաս ինձմե։
Գուցե ինքն էր, որ ձեռքը ձգեց իմինիս մեջ կամ գուցե ես էի, որ պահեցի զայն։ Անուշ դող մը կցնցեր մարմինս՝ այդ ձեռքին պատճառավ։
— Քանի որ չես ուզեր խոսիլ,— ըսավ վշտով,— վերադառնանք...
Անշուշտ չէի գիտեր, թե ի՛նչ կընեի։ Բազուկներուս մեջ գրկեցի զայն ու երկարորեն նայեցա աչքերուն։ Գիտեի թե ընդունակ էի համբուրել զինքը, բայց կցանկայի գուցե, որ բիբերուն մեջ ցոլար հավանության առաջին նշանը։ Կզգայի կուրծքը, որ կելևէջեր կուրծքիս վրա, բայց իր ձեռքերը ոչ մեկ շարժում կընեին։ Աչքերուն խորը ինձ կթվեր, թե լոկ խանդաղատանք կար ու այդքան միայն։ Հուսահատ դարձուցի գլուխս ու շարունակեցի քալել։ Անխոս կհետևեր ինձ, բայց երբ նայեցա աչքերուն, սկսավ արտասվել։ Ու հեղակարծորեն իր գիրգ բազուկները նետեց վիզս ու համբուրեց զիս: Ինձ կթվեր, թե պիտի նվաղեի։ Երկու ստվերներու պես