Այս էջը սրբագրված է

անցյալով։ Հորի պես խորունկ էր հիշողությունը ու երբ սետիրին վրա նստած, ոտքերը ծալած ծունկերուն տակ ու թեզպիհը ձեռքը կվերհիշեր որևէ դեպք, մարդ այն տպավորությունը կկրեր, թե դույլը ձգեց հորին խորունկը ու ահա վեր կքաշեր։ Հետո քաղաքին անցյալը Հիշելով, ժամանակագրությունը ճշտելու մասնավոր կերպ մը ուներ, որ լսողին հաճույք կպատճառեր։

— Հմայակ Արքեպիսկոպոս Դիմաքսյանի առաջնորդության վախտին էր,— կըսեր,— հե՜յ կիտի Հմայակ Սրբազան, կավաղեր խաղալով ճերմակ պեխերուն հետ, էնֆիյեն կքաշեր ամա՝ հեփշու չէր կրնար ընել, «Օրհնած», կըսեր, տասնհինգ տարիե այս անիծածը կքաշեմ, բայց ձեզի պես հեփշու ընել չսորվեցա, Սահա՛կ աղա»...

Կամ թե՝

— Կենն տղա էինք,— կհարեր խորազննին աչքերուն մեջեն ժպտելով,— քառասուն-հիսուն տարի մը կըլլա։ Հե՜, Աղսաբեթ,— խոսքը կուզեր կնոջը,— Փենճիրեյեն մերինը կտեսնեինք նե աս փերուշան սիրտը տընկ-տընկ կզարներ։ Կե՛ցիր նայեմ, մեր Տեր Գրիգորին քառասունքին տարին էր։ Հեմ տե ժամուն չիֆթ մը ղավախները ան տնկած է... Ամեն անգամ տեսնիմ նէ, կըսիմ,— Տեր Հայր մարանկօզ եղած ատենդ Բարձրյալը ձեռքերդ չէր օրհներ, ամա ժամուն առջև ղավախ տնկածիդ պես՝ մեկ գիշերվան մեջ իրեք արշըն պոյ նստեցին։ Է՜հ, Տեր Հայր, հրեշտակները վար իջած՝ ղավախներդ ջրած ըլլալու ին...

Երեք զավակ ուներ ու երեքն ալ ինքնուրույն տիպարներ էին։ Երբ իր ներկայության զանոնք գովեին, գրեթե կզայրանար, ծածուկ անարգանք մը տեսնելով հոգ։ Արդարև իր զավակներն էի՞ն թե չէ։ Սահակ աղային տղաքը ուրիշ կերպ չէին կրնար ըլլալ։

— Մերաս եէտի տղաքը կվխտան հիմաճուկս, Սահակ աղա,— կըսեին իրեն։

— Հողը, արտը կուտվի՞, օղլո՛ւմ, փուշտերը արտ կծախին, փառք Աստծո տղաքս այդ թախըմն չին: Հող ըսածդ սուրբ բան է, հա ժամուն ծառերը կտրեր ծախեր ես, հա՛ պապայիդ արտը...