Նույնը կըսեր զավակներուն, ֆեսին տակեն գլուխը թեթևորեն քերելով։
— Պապանուդ մալը-մյուլքը ձերը չէ, ձեր տղոցն է, անոնցն ալ չէ՝ անոնց թոռներունն է...
Արևելյան խանի պես ընդարձակ, մեկ փողոցեն մյուս փողոցը երկարող քարե հաստ պատերով ու վաղեմի տան մեջ՝ ամբողջ ընտանիքը կապրեր իր անմիջական հեղինակության տակ, նահապետական խիստ բարքերով։ Սահակ աղայեն սկսելով մինչև տան վերջին ծնածը աչքերնին կբանային, ամառ ձմեռ, մութնուլուսուն։ Երկրագործական աշխատավորի մը, որուն քունը ծանր էր ու կիրակի օրերը ուշ կարթննար, անգամ մը իր բիրտ ու վրան բաց լեզվովը աղաղակած էր.
— Հոս նայե, օղլում, շաֆախեն առաջ՝ տելիխանլը ըսածդ հոբ տեյի ցատկելու է։ Ստամպոլի օռուսբուները կեսօրին կարթննան, հասկցա՞ր...
Մեծ տղան՝ Նշանը, քառասունհինգ տարեկան էր արդեն ու իր կարգին երեք զավակի տեր։ Միջնեկը՝ Սարգիս, որ երեսունը անցած էր, այդ գիշերվան փեսացուն, եղածովը հայրն էր։ Իսկ պզտիկը՝ Երվանդ, շուրջ քսանչորս տարեկան, արտակարգ կերպով լռակյաց, ժամանակեն առաջ հասած ու ինքնամփոփ տղա մըն էր։ Հակառակ յուրաքանչյուրին զորեղ անհատականության՝ ժողովուրդը կշարունակեր անոնց կյանքը խառնել հորը անվան։ «Սահակ աղային Նշանը» կամ «Սահակ աղային Երվանդը» կըսեին ու անհնար բան էր, քաղաքին մեջ, անոնցմե որևէ մեկուն մասին խոսիլ առանց՝ մտաբերելու պատկառելի, ծերունի ու ազդեցիկ Սահակ աղան։
Հակառակ քաղաքին հնամյա սովորության, որով հարուստ տան տղաքը, քսանը անցածին պես կամուսնացնեն, Սահակ աղա մեծը կարգած էր երեսունհինգ տարեկանին ու եթե միջնեկը քիչ մը բախտավոր կընար համարել ինքզինքը՝ պատիվ ո՛չ իրեն էր, ո՛չ հորը։ Մայրը՝ Աղսաբեթ հանըմն էր, որ գրեթե մինակը երկրորդ հարս մը կմտցներ տուն։ Ո՛չ Սահակ աղա, ոչ տղաքը՝ այդ մասին բացահայտորեն կխոսեին: Տարիները կդիզվեին տարիներուն վրա ու տան մեջ, բացի Աղսաբեթ հանըմեն, ոչ ոք կմտածեր թե կարգելիք տղա կա։ Իրիկունները միշտ նույն քաղցր, հաճելի խոսակցությունն