Էր տան մեջ, արտերուն, անասուններուն, առաջիկա բերքին մասին։ Ընթրիքեն հետո կնստեին պարտեզը՝ դարավոր կաղնիի մը տակ, երբ օդը լավ ըլլար ու սուրճերնին կառնեին, միաժամանակ ծխելով։ Ոչ ոք Սահակ աղայեն առաջ կխզեր լռությունը։ Տան դուրսի պատին մեջ փորված թաղին աղբյուրը դուռին մեջ կերգեր, տան շուներեն որևէ մեկը կհաչեր, թռչունները վերը ճյուղերուն մեջ կշաղփաղփեին։ Կիները աման կլվային կամ պզտիկները կքնեցնեին։ Միայն Աղսաբեթ հանըմ կնստեր իր տղամարդոց հետ ու իլիկը կդարձներ ծերացած մատներուն մեջ։ Հետո Սահակ աղա համրիչը կհաներ ու մատներուն մեջ սաթի հատիկները աստիճանաբար կփայլեին։
— Ծէ՛ , Նշան,— կըսեր,-գալ տարի այզմային քովը խուշ օթի ցանենք նե ինտոր կըլլա...
Ու խոսակցությունը կտաքնար։ Ու կպատահեր, որ երկու խումբի բաժանվեին՝ վարուցանքի վերաբերյալ որևէ խնդրի մեջ։ Բայց երբեք չէր պատահած, որ տղաքներեն որևէ մեկը ինքնագլուխ կարգադրություն մը ըներ։ Վերջին պահուն Սահակ աղան էր, որ որոշումը կուտար ու յուրաքանչյուրին դերը կճշտեր։ Սուրճը խմելե հետո, տարիներե ի վեր, տարին տասներկու ամիս ու ամիսը երեսուն օր, ձյուն ըլլար, թե անձրև, երկու ազապ տղաքը կերթային ախոռ՝ աչք մը նետելու անասուններուն վրա, հաջորդ օրվան աշխատանքը պատրաստելու և աշխատավորներուն վրա հսկելու համար։ Ու կբավեր, որ եզներեն կամ ձիերեն որևէ մեկը քիչ մը հիվանդանար, որպեսզի երեսնին կախ տուն գային, այն ալ ուշ գիշերին։ Այդ պարագային երբեք ուղղակի Սահակ աղային չէին համարձակեր հայտնել, որովհետև, ծերուկը կհամառեր պնդել, որ «հայվան մը հիվանդնա նէ, ղլապահաթը մերն է», այլ Նշանին կըսեին կամացուկ մը. — Նշա՛ն, Պանատոզեն գնած սև֊էոքյուզդ հիվանդ կերևա կո...
Ու մինչև անասունին առողջանալը, տան մեջ ուրիշ խոսակցություն չէր ըլլար։ Ո՞վ պիտի մտածեր ամուսնության մասին։ Մնաց որ պատահած չէր բնավ, որ իրենց հորը հետ նման չնչին խնդիրներ ու վրա խոսեին։ Մանկությունե ի վեր կզգային իրենց հոր ծածուկ այլ խորունկ արհամարհանքը,