հեր։ Խածան ու կատղած շան պես կդեգերեր ճեվելեկ Կարպիսին հետ՝ Սարգիսին մեծ եղբայրը, մութը ինկածին պես, Կյավուր Տերեսիի փողոցներուն մեջ ու վայ եկեր էր անոր որ ծուռ նայեր իրեն։
Չըսվելիք, շըչլալիք բաներ կան կյանքի մեջ, բայց իրողությունը լռութենեն զորավոր չէ՞ միթե։ Բարձրացող, ուղեշ ուղեշ, ալեկոծ ցորենի անդերը ո՛չ միայն արդյունաբեր են, այլև լուսնկային տակ ու հովին թևերուն մեջ կրնան ապաստան ընծայել այպանելի արարքներու։ Ու տրված ըլլալով քաղաքին խստակենցաղ, մաքրակրոն բարքերը՝ ի՞նչ կուզեք, որ ընեին ճեվելեկ Կարպիսն ու իր ընկերները։ Երբեմն տաճիկ պեյերու ապասերած ու կրավորական, նուրբ ու ախտագին քյուչյուք-պեյ մը, մերթ ալ հրեա կամ հույն առևտրականի մը մանչը կառևանգեին, հետո մնացյալը ո՛չ դուք հարցուցեք, ո՛չ ալ ես ըսեմ։ Կպատահեր, կըլլար։ Ու եթե մեկը համարձակեր դիտողություն մը ընել, ճեվելեկ Կարպիս կանգուն մը լեզուն դուրս կձգեր ու կքակեր կծիկը։ Այդ փորձանքը անգամ մը եկած էր ավագերեց Տեր Խաչատուրին գլխուն։ Սպիտակ մորուքը շոյելեն ու աչքերը գետին ծերուկը սարը ձորը պտտելով, վերջապես կիսատ-միսատ բան մը հասկցուցած էր։ Է՜հ, տե՛րտեր, դո՞ւն ես մի ճեվելեկ Կարպիսին խրատ տվողը։
— Թոհաֆ ես պէ, Տե՛ր Հայր,— ըսած էր ճեվելեկ Կարպիս, իր ամենեն նենգ ձայնովը,— ատ խերը անիծածս պահախիս չպիտի կա՛պիմ եա...
Տեր Խաչատուր սարսափահար եղած թեզպիհը փնտռած էր, գունատ շրթունքներով մրթմրթալով.
— Սուրբ Աստվածածին, Սուրբ Աստվածածին...
— Սուրբ Հոգին սուրբ հալովը առ խալթը խառներ է տէ, մինակ ճեվելեկ Կարպիսը...
Ըսելիքը ետ չէր կլլել, բայց ծեր քահանային դեմքը այնքան գունատ էր, որ ձայնը քաշեց ու շիլ աչքեըուն մեջեն ժպտելով հեռացավ։ Կենդանի պատուհաս էր շունը թաղին գլխուն։ Սարեբախտաբար մաքսախույզ ոստիկանները գիշեր մը՝ ահարկու կռվեն մը հետո, Գարաճա Ահմեդին հետ, զինքն ալ զարկին։ Ու Այիշե այրի մնաց։
Այիշե կըսես կերթաս, բայց արյունը գնչու կիներու կուրծ-