հուզումի նուրբ, թանկագին, այլ վտանգավոր կարողությունը իր ինքնությունը չէ գտած։ Ու այսուհանդերձ հոս է, այս վաղեմի Բյուզանդիոնին մեջ, որ աստիճանաբար կբողբոջին, ծնեբեկի պես կպատռեն հողին բիրտ կեղևը, բարձրանալու համար դեպի հավերժական, դեպի անմահ լույսը։
Կիսամութին մեջեն կդիտեր օր. Սարգիսյանի ուղիղ, անթեքելի հասակը։ Սև սյունի մը պես կքալեր այդ սևազգեստ ու ծեր օրիորդը ու ամեն քայլի տախտակամածը կհռնդար անոր ոտքերուն տակ։ Ննջարանին մեջտեղը կապույտ լուսամփոփով, պատրույգը վար առնված լամբարը աղոտ լույս մը կարձակեր։ Վերի անկյունեն կլսվեր մարզուանցի Կատարինեին թույլ, բայց անախորժ հռնդյունը։ Զգուշությամբ վերմակը քիչ մը վար քաշեց՝ մերկ կուրծքերուն վրա զգալով գաղջ զովություն մը։
Ստուգիվ չէր կրնար քնանալ ու անշուշտ գարունն էր հանցավորը։ Հազարը այս օրերուն ննջարանին պատուհանը բաց կձգեր ու ամբողջ գիշերը սենյակը կլենար պարտեզին բույրերով ու թռչուններու գեղգեղանքով։ Լուսնկան կիյնար ճիշտ Սիրանուշի անկողինին վրա, եթերային ու անհպելի լույսով մը օծելով անոր առատ վարսերն ու նուրբ դեմքը։ Հիմա կզղջար թատկին Պոլիս մնացած ըլլալուն համար։ Մորաքույրը չէր ուզած ձգել, առարկելով, որ դպրոցը վերջացնելեն հետո ուզածին չափ կրնա քաղքին կարոտը առնել։
— Հոս ալ ուրախ Ժամանակ կրնաս անցնել, Վա՛րսենիկ,— ըսած էր։
Անշուշտ չէր ձանձրացած, ո՛չ։ Արձակուրդի տասնհինգ օրերը սահած գացած էին՝ զինքը թողլով քաղցր, հաճելի խոնջենքի մը մեջ։ Երբեք այդքան երջանիկ, այդքան թեթև չէր զգացած ինքզինքը։ Բայց երբ քաղքեն նամակ ստացավ, քիչ մնաց, որ պիտի լար։ Հայրը վշտացած ըլլալը հայտնի չէր ըներ, բայց Սիրանուշ անմեղությամբ կրկնած էր մորը խոսքը:
— Պե, մա՛րդ, քեզի հախ է իշտե, աղջիկդ մեզ մոռնալ պաշլայեց...
— Կենն է, Աննի՛կ,— պատասխանած էր հայրը,— ձգե՛ թող ուրախանա...