Այս էջը սրբագրված է

քաջությամբ մը շրթները բանալ ու բարձրաձայն աղաղակել իր բո՛լոր գաղտնի, ապօրինի, անանվանելի մտածումները։

Եթե օրվան լույսը զայն մասամբ կխլեր իրմեն, գիշերը սակայն լիովին կվերադարձներ անոր մարմնին ու կյանքին վրա ունեցած իր ամբողջ իրավունքը։ Ամե՛նեն նուրբ ու մաքուր գորովի զգացումներեն սկսյալ մինչև է՛ն խենեշ ու տռփական ցանկությունները կրնային այցելել իրեն։ Հուսահատ համակերպությամբ մը կգրկեր զայն, իր հեշտամոլիկ երազը ու անխոստովանելի արարքներու խղճի խայթը առտուն իր բիրտ մարմինը կխարազաներ։

Կթվի թե՝ բառերը արտաքին կաղապար մը ունին, հնչական ու ստուգաբանական ճշդված արժեք մը։ Ամբողջ կյանքի ընթացքին չարտասանած բառերը սակայն՝ հոգվույն խորունկներեն կբարձրանային ու լռությամբ վտանգավոր կյանքի մը կտիրանային։ Կզգար, որ զուր տեղը չէր, որ մինչ այդ զգուշացած էր անոնցմե։ Զարմանայի զուգորդություններ տեղի կունենային մտքին մեջ։ Որևէ հեռավոր հիշատակ մը՝ անտրամաբանական, անհեթեթ հարակցությամբ մր կպլլվեր երազի ցիրուցան բեկորներու ու ա՛հա մարմին կառներ է՛ն տենչալի ու է՛ն շնական պատկերը։ Վերջին արձակուրդին օր կըլլար, որ կամչնար մորը աչքերուն նայիլ, գիշերվան իր հանցավոր երազներուն պատճառավ։

Անհիշատակ տարիներ առաջ հուլիսի ետմիջօրեի մըն էր։ Ձիու վրա կերթար տաճիկ գյուղ մը, անցնելով խոպան անտառն մը։ Ծարաված ըլլալով ձին կեցուց, զայն կապեց ծառի մը ու նեղ արահետե մը ուղղվեցավ վտակը։ Ո՛չ ամռան ջերմ լիությունը, ո՛չ ալ թռչուններուն խուլ երգերը հուզեցին զինքը։ Տարիներ հետո միայն, հիշատակի զորությամբ, ներքին ծածուկ ուժ մը հաջողեցավ վերստեղծել այդ օրվան հասուն գեղեցկությունը։ Արահետը եզերված էր վայրի սալորենիներով։ Աճապարանքով քալելուն քիչ մնաց կրիայի մը վրա կոխեր։ Վտակին կանաչ ժապավենը կերևար ծառերուն մեջ։ Բայց ջրին եզերքը չհասած, երկու ուռենիներու միջև տեսավ երկու թրքուհիներ, որ լողնալու կպատրաստվեին։ Մեկը ջրեն նոր ելած փալամուտի մը պես մերկ էր։ Ի՛նչ որ միտքը մնաց սակայն այդ էր, ջրեն նոր ելած ձուկի պաղ մերկություն մը։ Մյուս երիտասարդ թրքուհին էր, որ իր դեռահաս մարմինը