Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/13

Այս էջը հաստատված է
«ԵԶԴԻՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԴԱՐՁՅԱԼ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՌՎԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ»

Եզդի ժողովրդի ճակատագիրը, հատկապես վերջին 100-ամյակի ընթացքում, սերտորեն և անքակտելիորեն կապված է եղել հայ ժողովրդի և Հայաստան երկրի ճակատագրին։ Այս ակնհայտ իրողության, նաև՝ ՀՀ-ում և ԼՂ-ի շուրջ ծավալվող վերջին տարաբնույթ զարգացումների կարևորումով հարցազրույցի հրավիրեցինք Եզդի ժողովրդի ազգային կրկնակի հերոս, նույն ժողովրդի պատմագիտության և աստվածաբանության դոկտոր, պրոֆեսոր, Աշխարհի և Հայաստանի եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանին։

— Պրն. Թամոյան, նախ պարզաբանեք, խնդրեմ, որքանո՞վ էր 2004 թ.–ը նշանակալի և հաջողված Հայաստանի եզդիների համար, և ինչ սպասելիքներ ունեք 2005-ին։

— Բնականաբար, Հայաստանի սոցիալ-տնտեսական բարդ վիճակը լուրջ դժվարություններ է առաջացնում նաև եզդի ժողովրդի համար։ Սակայն մեր պատմամշակութային խնդիրների վիճակը ես գերազանց կգնահատեի։ Աշխարհում եզդիների թիվը անցնում է 2 մլն-ից։ Մեր կենտրոնական սրբավայրը գտնվում է Հյուսիսային Իրաքում՝ Եզդիստանի տարածքում, Լալըշ կոչվող վայրում, որտեղ մենք զրկված ենք մշակութային բոլոր հնարավորություններից։ Հայաստանում մեր թիվը 41 հազար է, բայց ունենք ամենօրյա կեսժամյա ռադիոհաղորդումներ, «Եզդիների ձայն» թերթը։ Եվ ամենակարևորն այն է, որ 2002թ. Մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովը ճանաչեց եզդիների լեզուն։ Դա հաստատեց և ընդունեց նաև Եվրախորհուրդը։ Իսկ ամենաուրախալին այն է, որ ՀՀ կառավարության