Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/83

Այս էջը հաստատված է

Ջրաշենի փողոցներից մեկը կոչվեց իր անունով։ Միջոցառումն անցավ մեծ շուքով, մեկ անգամ ևս վերհիշելով Գոգոյին և մնացյալ հերոսներին, ովքեր իրենց սիրելի, թանկագին կյանքն անձնուրացորեն նվիրեցին հայոց երկրին։


ՄՈՒՍԱ ԲԱՔԻՐՅԱՆ

(1973-1992)

Գոգոյե ՈԻնըսից հետո Արմավիրի շրջանի Նալբանդյան գյուղը սգաց ու հպարտացավ հավերժի ճանապարհորդ դարձավ Մուսայե Մամուդը (Մուսա Բաքրյան)։

Մուսան, ով մեկ տարի ուշ զորակոչվեց բանակ։ Ասել թե զորակոչվեց, երևի թե ճիշտ չի լինի, քանի որ նա, կարելի է ասել, կամավոր ու ոգևորվածությամբ գնաց ոչ թե բանակ, այլ ռազմի դաշտ։

Իհարկե, չէի ուզենա մինչ պատերազմը և պատերազմից հետո ծառայած և ծառայող տղաներին վիրավորել, բայց, կարծում եմ, այդ սերունդը պետք է մարտի մտներ, կռեր այն հաղթանակը, որին ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ եզդի ժողովուրդը վաղուց էին սպասում։

Մուսան ընկերների և հարազատների շրջանում ավելի շատ Ռազմիկ անունով էր հայտնի և այդ անունով էլ հիշվում է։ Երբեմն անունն ինչ-որ բան ասում և հուշում է մարդու ձևավորման, բնավորության և խառնվածքի մասին։ Այո, Մուսան Ռազմիկը, բնավորությամբ ռազմիկ էր կարգապահ, խրոխտ ու անվախ։