նրան լցնում էր վրեժխնդրությամբ ու ավելի մեծ պատվախնդրությամբ։ Եվ պատահական չէր, որ նա ներկա էր լինում յուրաքանչյուր եզդի մարտիկի ու ազատամարտիկի թաղմանը և ցավակցելուց ու սփոփանքի խոսքեր ասելուց զատ, ոգևորում և խրախուսում էր մեր երիտասարդներին ու ժողովրդին…
Գագիկը ծնվել էր նախկին Մասիսի շրջանի Արգավանդ գյուղում, սակայն հետագայում ծնողների հետ տեղափոխվել էր քաղաք Էջմիածին։ Սամվելե Մոսկովի նման նա էլ հենց զորակոչման տարում մարտի դաշտում հերոսաբար զոհվեց։ Եվ ինչպես պատմում էին Գագիկի մարտական ընկերները, նա զոհվեց մարտական կարևոր առաջադրանք կատարելիս, երբ գնացել էր Մարտակերտ տանող ճանապարհը հետախուզելու։
Եթե Սամվելե Մոսկովն ու մեր ժողովրդի մի քանի զավակ անհետ կորան մարտի դաշտում ու առ այսօր չունեն իրենց վերջնական ու «մշտական» գերեզմանատեղին, ապա Գագիկե Շարիֆը թաղվեց Էջմիածին քաղաքի ֆիդայական գերեզմանոցում։
Գագիկը զոհվեց 1993 թվականի մայիսի 6-ին։
Ֆիդայական գերեզմանոցում, որտեղ, հասկանալի է, ներկա էր հուղարկավորության մեծ թափոր, բազում մարդկանց հետ ելույթ ունեցավ նաև Ազիզ Թամոյանը, ով, կարող եմ ասել, կոկորդում խեղդելով արցունքները, կոչ արեց ավելի ամրապնդել հայ-եզդիական բարեկամությունն ու ռազմական դաշինքը և երդվել մեր զոհված հերոսների գերեզմանին՝ ավելի համախմբվել ու պայքարել ընդհանուր թշնամու դեմ։