Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/128

Այս էջը սրբագրված է

թի բարեկամությունից, հասկացրեց նրան նաև, թե Արյաց աշխարհը ևս տրտնջում է։

Այս որ լսեց Քուշանների թագավորը, ամենևին կասկած չտարավ այդ մարդու վրա և իր մտքում էլ նրան լրտես չհամարեց։ Որովհետև մի քիչ առաջ նա լսել էր այդ բաները, դարձյալ երբ Բելից այն էլ ստուգեց, թե վեր է կացել գալիս է Քուշանների աշխարհի վրա, շտապեց շուտով զորք ժողովեց, գունդ կազմեց, որպեսզի հզոր զորությամբ դուրս գա նրա դեմ: Եվ թեպետ դեմուդեմ պատերազմել չէր կարող նրա դեմ, բայց զորամասերի թևերի վերջապահների վրա հարձակվելով՝ մեծ հարվածներ էր հասցնում արքունի զորքերին։ Եվ այնպես նեղեց ու շփոթեցրեց նրանց, որ սակավաթիվ զորքով ձախորդության մեջ գցելով նրանց՝ ետ դարձրեց և ասպատակով հետևից ընկած՝ ավերեց արքունի բազմաթիվ գավառներ, իսկ ինքն այնտեղից ողջ-առողջ վերադարձավ իր երկիրը։

Երբ թագավորը տեսավ, որ անարգանքով ու խայտառակությամբ եմ վերադարձել այս պատերազմից, մի քիչ իջավ հպարտությունից և հասկացավ, որ այդ բոլոր չարիքներն առաջացան զորքերի երկպառակությունից։ Եվ մեծ սրտնեղությունից չգիտեր, թե ո՛ւմ վրա թափի այն դառն թույնը։ Իսկ մեծ հազարապետը սաստիկ երկյուղի մեջ էր, որովհետև ինքն էր այն բոլոր չարիքների պատճառը, որ գործվեցին։

Սկսեց խոսք դնել մոգպետի և մոգերի բերանը, որոնք ներկայանալով թագավորին՝ ասացին նրան. «Քա՛ջ թագավոր, մենք մեր կրոնից արդեն գիտենք, որ մարդկանցից ոչ ոք չի կարող կանգնել քո մեծ զորության դեմ, բայց աստվածները մեզ վրա բարկացել են քրիստոնյաների պատճառով, որոնք մեր կրոնին դեմ են, որովհետև մինչև այսօր նրանց կենդանի ես պահել»։ Եվ հիշեցնում էին նրան նաև, թե ինչպես նրանք բանտում անիծում էին քեզ։ Ուրիշ շատ հայհոքություններ էլ էին խոսում այն սրբերի մասին և ամեն օր աշխատում էին աչքից գցել տալ և թագավորի միտքը գրգռում զայրացնում էին, մինչև որ շտապեց շուտով թափել այն անմեղների արյունը։