Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/129

Այս էջը սրբագրված է

Հրաման տվեց այն երկուսի մասին, որ այնտեղ բանակում իրեն մոտ էին — Սամվելի և Աբրահամի մասին — որպեսզի գաղտնի կորցնեն նրանց։ Իսկ ովքեր քաղաքի դղյակում էին, բանակից տասնևհինգ օթևանի չափ հեռու էին։ Հրամայեց համբարակապետին, որի անունը Գենշապուհ էր, որ իրենից առաջ գնա այն քաղաքը, ուր գտնվում էին Տիրոջ սուրբ քահանաները և իրավունք ունենա չարաչար տանջանքներով դատել և հարցուփորձ անել նրանց, և սրով սպանել։

Բայց դեռ առաջ՝ թագավորի հրամանից շատ ավելի էր չարչարել նրանց այն մոգպետը, որին հանձնված էին նրանք. որովհետև նա Ապար աշխարհի դենպետ իշխանն էր և ավելի ջերմեռանդ էր մոգության մեջ. նաև շատ գիտուններից ավելի տեղյակ էր զրադաշտական կրոնին։ Այլև, որ մեծ պարծանք էին համարում իրենց մոլորության կարգի համեմատ, Համակդեն անուն էին տալիս նրան. գիտեր նաև Ամպարտքաշը, սովորել էր նաև Բոզպայիտը, ծանոթ էր նաև Պահլավիկին ու Պարսկադենին։ Որովհետև այս հինգ կեշտերն են, որոնց մեջ բովանդակված է մոգության ամբողջ կրոնը. բայց բացի սրանցից՝ մի ուրիշ վեցերորդն էլ կա, որին Պետմոգ են կոչում։

Ինքն իր մեջ կարծում էր, թե ամբողջ գիտությամբ ճոխացած է. երանելիների վրա այնպես էր նայում, թե նրանք տգիտության պատճառով մոլորված են մեր մեծ գիտությունից։ Մտքում մի սնոտի հույս դրեց՝ անդադար չարչարել նրանց, որպեսզի մարմնի նեղություններին չդիմանալով՝ թերևս նրանցից որևէ աղաչական խոսք լսեմ։ Այս պատճառով էլ քահանաներին զատեց ու բաժանեց նախարարներից և հեռացրեց նրանցից, և գցեց մի խոնավ ու խավար ներքնատուն։ Եվ պատվիրեց վեց մարդուն պահեպահ երկու գարեհաց տալ և դորակ ու կես ջուր, և ամենևին ոչ ոքի չէր թողնում մոտենալ բանտի դռներին։

Եվ երբ քառասուն օր սրանով տանջում էր նրանց և նրանցից թուլության խոսք չլսեց, ուրիշ բան անցավ մտքով, չինի թե իր ծառաներից մեկը գաղտնի բան ստացած լինի