Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/131

Այս էջը սրբագրված է

պայծառ լույսով լուսավորվի։ Ես այսպես էի լսել այս կրոնի մասին, թե սաստիկ հիմարության պատճառով մոլորված են և աստ կերպարանքներ են ընդունում տգետ մարդկանց աչքում, գուցե այս տեսիլն էլ այդպիսի մի բան էր, որ երեվաց ինձ»։

Եվ չէր կարողանում առհասարակ հասկանալ այդ տեսիլքը։ Մինչդեռ այսպիսի մտածմունքի մեջ էր, սրբերը նորից ամեն մեկն իր գետնանկողնից վեր կացավ և սկսեցին սովորական պաշտամունքը։ Այն ժամանակ մոգպետն ստուգեց և իմացավ, որ իրեն երևցածը մի խառնափնթոր տեսիլ չէր, այլ հենց նրանց անձերից էր բխում լուսավորությունը։ Այն ժամանակ նորից սարսափեց և ասաց, «Կալանավորներից ո՞ւմ վրա է տեսնվել այսպիսի հայտնություն. ես ոչ մեկն էլ չգիտեմ և ո՛չ էլ լսել եմ նախնիքներից»։ Եվ որովհետև չափազանց հուզվեց այն մեծ հրաշքից, ուստի ամբողջ մարմնով դողում էր և մինչև առավոտ թմրած ու կիսամեռ մնաց [բանտի] կտուրի վրա և լույսը բացվելու ժամանակ ինչպես մի երկար ժամանակվա հիվանդ վեր կացավ-գնաց իր բնակարանը, բայց իր տեսածը ամենևին չհամարձակվեց պատմել որևէ մեկին։

Իր մոտ կանչեց պահապաններին և ասաց նրանց. «Գնացեք, կապվածներին տեղափոխեցեք մի ավելի չոր վերնատուն, և այնտեղ նրանց զգուշությամբ պահեցեք, ինչպես որ առացիք»։ Այն դահիճներից մեկը, երբ լսեց մոգպետի հրամանը, շտապեց գնաց՝ իբրև մի մեծ ավետիս տալու նրանց. «Հրամայեց, ասում է, որ դուք տեղափոխվեք մի ավելի չոր վերնատուն. դե՛հ, շուտ եկեք և մի՛ ուշանաք, որովհետև մենք էլ պաղատեցինք ձեզ տառապանքներից ազատելու համար»։

Իսկ սուրբ Հովսեփն սկսեց մեղմաբար խոսել դահճի հետ և ասաց. «Գնա՛ և ասա՛ ձեր անխելք առաջնորդին, դու չե՞ս լսել մեր Տիրոջ ապագա գալստյան մասին և կամ այն հրաշակերտ շինվածքների մասին, որոնք սկզբից պատրաստ պահված են մեզ համար, այդ պատճառով էլ հեշտությամբ ենք դիմանում այս մեծ նեղությանը այն հույսի սիրո հա-