Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/133

Այս էջը սրբագրված է

թյան զորությամբ հարություն առնելով երևաց իր աշակերտներին և ուրիշ շատերին, և վերացավ երկինք իր հոր մոտ, և նստեց հայրենի աթոռի աջ կողմը և մեզ երկնավոր զորություն շնորհեց, որպեսզի նրա անմահության համաձայն մենք էլ մեր մահկանացու մարմնով կարողանանք չարչարակից լինել նրա անմահ մեծությանը. և նա մեր մահն այլևս մահկանացու մահ չի համարում, այլ իբրև անմահների՝ հատուցանում է մեզ մեր աշխատությունների վարձը, — արդ՝ մենք փոքր բան ենք համարում մեր այս չարչարանքները այն սիրո փոխարեն, որ նա ցույց տվեց մարդկային ազգին»։

Երբ մոգպետն այս բոլոր խոսքերը լսեց դահճապետից, հուզվեց, նրա միտքը պղտորվեց, և քունը նրա աչքերից փախավ շատ գիշերներ։ Իսկ մի օր երեկոյան պահին վեր կացավ, գնաց նրանց մոտ միայնակ ու մնջիկ և սպասավորներից ոչ ոքի հետը չվերցրեց։ Եվ երբ հասավ տան դռանը, մի ծակով ներս նայեց և տեսավ էլի առաջին տեսիլքի նման. բայց նրանք անդորր քնած էին։ Մեղմորեն կանչեց եպիսկոպոսին անունով, որովհետև նա լավ գիտեր պարսկերեն։ Նա դուրս եկավ և հարցրեց. «Ո՞վ ես դու»։ — «Ես հենց ինքն եմ, ասաց, ուզում եմ ներս մտնել և ձեզ տեսնել»։

Եվ երբ մտավ սրբերի մեջ, նշանն այլևս չերևաց նրան, և պատմեց նրանց, թե ինչպես իրեն երկու անգամ հրաշք երևաց։ Ղևոնդ երեցը պատասխան տվեց և ասաց. «Աստված, որ ասաց, թե խավարի մեջ թող Լույս ծագի, որ և ծագեց և իմաստությամբ լուսավորեց աներևույթ արարածներին, նույն զորությունն այսօր էլ ծագեց քո խավարած մտքի մեջ, և քո կուրացած հոգու աչքերը բացվեցին, և տեսար աստծու շնորհքի անշեջ լույսը. շտապի՛ր, մի՛ ծուլանար. գուցե նորից կուրանալով՝ խավարի մեջ խարխափես»։

Եվ երբ այս ասաց, բոլորը ոտքի կանգնեցին, ասելով քառասուներկուերորդ սաղմոսից. «Ուղարկի՛ր, Տե՛ր, քո լույսն ու քո ճշմարտությունը, որ նրանք առաջնորդեն ու տանեն մեզ սուրբ լեռը և քո հարկերը»[1]։ Իսկապես որ, Տե՛ր,

  1. Սաղմ. ԽԲ 3: