Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/136

Այս էջը սրբագրված է

«Ահա դու, Տե՛ր, քո ողորմությամբ պսակեցիր սիրելիներիդ, և քո գթասրտությամբ ելար այս կորածին փնտրելու, դարձրիր և խառնեցիր քո սրբերի դասին։ Սա ո՛չ միայն երկինքը տեսավ, որ քո մատների գործն է, այլ տեսավ երկինքն ու նրա բնակիչներին, և մինչդեռ այս երկրի վրա է, խառնվեց քո բյուրավոր հրեշտակների գնդերին։ Տեսավ նաև նահատակված արդարների հոգիները, տեսավ նաև աներևույթ պատրաստությունների փառքի նմանությունը, տեսավ նրանց ձեռքին նաև անկասկածելի գրավականը, որ պատրաստված պահվում է ճարտարապետի ձեռքում։ Երանի՜ սրան այս սուրբ տեսիլքի համար, և երանի է մեզ, որ սա մոտեցավ մեզ. որովհետև սրա միջոցով հաստատապես իմացանք, թե քանի որ սրան այսպիսի սքանչելիքներ են հայտնվում, քո անսպառ բարություններից սա մեծ բաժին ընդունեց։ Քո պարգևներն անսպառ են, Տե՛ր, և առանց խնդրելու տալիս ես՝ ում կամենում ես՝ քո հորդաբուխ և աննախանձ առատությամբ։ Եվ քանի որ չխնդրողներին էլ չես մերժում այն, բա՛ց մեզ, Տե՛ր, քո ողորմության դուռը, որ մեր մանկությունից քո սրբերի բարեմասնության ցանկացող ենք եղել։ Քո այս նորագյուտ ձեռակերտին բարեխոս ենք դարձնում մեր անձերի համար, մեր հավատի նավը թող չընկղմվի մեղքերի ալեկոծված ծովի մեջ»։

Եվ այսպես երկար աղոթք անելով՝ հորդ և առատ արտասուք էին թափում իրենց անձերի համար։ Գթություն էին հայցում բարերարից, որ լսելի լինի նրանց պաղատանքների ձայնը և հաստատուն մնան իրենց վիշտ ու նեղությունների մեջ, որպեսզի չզրկվեն այն ցանկալի պսակներից, որ անեին սրբերն իրենց ձեռքին, ինչպես և ազդարարվեց նրանց սուրբ հոգու կողմից, որովհետև մոտեցել էր նրանց կանչվելու ժամանակը, որ գնան և աներկյուղ հանգստանան այն կասկածելի ակնկալությունից, որին դիմանում էին մեծ տառապանքներով, որպեսզի փոքրիկ առհավատչյայով հասնեն երկնավոր մեծությանը, որին ցանկացող էին ի վաղուց հետե։

Եվ որովհետև հենց ինքը մոգպետը այն աշխարհի իշխանն էր, և նրան էին հանձնված այն քաղաքի կալանավոր-