Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/137

Այս էջը սրբագրված է

ները, ուստի և առավոտյան համարձակ կերպով հանեց-տարավ կալանավորներին իր ապարանքը։ Լվաց ու սրբեց նրանց բանտի աղտեղություններից, վերցնում էր սրբերի լվացաջուրը և ածում իր մարմնի վրա։ Իր տան մեջ ավազան սարքեց և նրանցից սուրբ մկրտություն ընդունեց, հաղորդվեց մեր տեր Հիսուս Քրիստոսի կենդանարար մարմնին և քավիչ արյանը։ Բարձր ձայնով աղաղակում էր և ասում. «Այս մկրտությունը թող իմ մեղքերի լվացումն լինի ինձ համար, և սուրբ հոգով վերստին ծնունդ ու նորոգություն, և անմահ խորհրդի ճաշակումը երկնավոր որդեգրության ժառանգ դարձնի ինձ»։ Նրանց առջև մարմնավոր կերակրի սեղան էլ բաց արեց, և նրանց մխիթարության բաժակ մատուցեց, և նրանց հետ միացավ օրհնված հացն [ուտելուն]։

Բայց թեպետև ինքը հասավ երկնավոր բարիքներին և երկյուղ չուներ մարդկային հարվածներից, սակայն սաստիկ կասկածի մեջ էր հարազատների վերաբերմամբ, որ չլինի, թե մատնվեն իբրև արքունի գործերի մեջ վնասակար մարդիկ։ Այդ պատճառով գիշերով ծածուկ կանչեց նաև այն նախարարներին, որոնք կալանավորված պահվում էին նույն քաղաքում, և մեծամեծ ծախսեր արեց։ Եվ բոլորը մեծ ուրախության մեջ էին այն նոր հրաշքների համար, որ երևաց նրանց։ Ամենևին չէին հիշում, թե որևէ նեղություններ էին անցել իրենց գլխով։

Բայց սեղան նստելու ժամանակ սրբերը մտները բերին մի երեցի, որ նրանց հետ միասին սուրբ կապանքների մեջ էր, որովհետև նա շինական մարդկանց մեջ էր ապրել և ավելի տգետ էր սուրբ գրքի մխիթարության կողմից։ Նրան հրամայեցին նստել սեղանի գլխին, պատասխան տվեց երանելին և ասաց. «Այդ ի՞նչ բան է, որ դուք գործում եք, և կամ ինչո՞ւ եք ինձնից թաքցնում ձեր գաղտնի խորհուրդները։ Ես ձեր կրտսերներից էլ ավելի նվաստ եմ և ձեր աշակերտներից փոքրերից էլ ավելի տգետ. ինշպե՛ս կարող եմ դիմանալ այդ բանին։ Հենց այս էլ ինձ համար մեծ բան է, որ այսօր հաղորդակից եմ ձեր սուրբ կապանքներին։ Եթե ինձ արժանի եք համարում ձեր սեղանին, ամեն մեկդ ձեր