Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/140

Այս էջը սրբագրված է

արքունիքում չլսեն և բարկությունը կրակի պես չբորբոքվի մնացածների վրա։ Երբ այդ միջոցին չկարողացան [խորհուրդը] վերջացնել, միաբանությամբ աղոթք արին և այն հավատացյալ մարդու կյանքը աստծու ձեռքը հանձնեցին։

Իսկ նախարարները սրբերից բաժանվեցին հորդառատ արտասուքներով, և ողբալից ուրախությամբ նրանց ոտներն ընկած՝ սաստիկ աղաչում-պաղատում էին, որ սուրբ հոգուն հանձնեն նրանց, «Որպեսզի, ասում են, մեզնից ոչ ոք չթուլանա և հասարակաց միաբանությունից դուրս գալովս չարաբարո գազանին կերակուր դառնան»:

Իսկ երանելիները միաձայն քաջալերում էին նրանց և ասում. «Եղբայրնե՛ր, զորացե՛ք Տիրոջով և մխիթարվեցեք աստծու մարդասիրությամբ, որ ձեզ որբ չի թողնում, և չի հեռացնում մեզնից իր ողորմությունը Քրիստոսի հավատով, շնորհիվ այն բազմաթիվ բարեխոսների, որ ունենք նրա մոտ, ձեր վառած կանթեղները չեն հանգչի, և չի ուրախանա ձեր կյանքի խավարասեր թշնամին: Նույն Տերն է, որ զորացրեց առաջին նահատակներին, խառնելով նրանց իր հրեշտակների գնդերի մեջ. նրանց սուրբ հոգիները և արդարների ամբողջ դասը կհասնեն ձեզ օգնելու համբերության մեջ, որպեսզի նրանց հետ միասին արժանի լինիք նրանց պսակներին»։

Այս էին խոսում նրանց հետ և ամբողջ գիշերը լուսացնում սաղմոսներով, իսկ առավոտյան ժամին բոլորն ասացին. «Տե՛ր, քո ողորմությունը ծագի՛ր նրանց վրա, ովքեր ճանաչում են քեզ, քո արդարությունը՝ ովքեր ուղիղ են սրտով։ Ամբարտավանների ոտքը թո՛ղ մեզ վրա չգա, և մեղավորների ձեռքերը թո՛ղ չդողացնեն մեզ։ Այնտեղ կործանվեն բոլորը, ովքեր անօրենություն են գործում. մերժվեցին, և այլևս չկարողացան հաստատվել»[1]:

Այդ միջոցին դահիճները շտապով հասան բանտի դուռը, ներս մտան և տեսան, որ նա, ով առաջ մոգպետ էր և հենց նրան էր հանձնված պահել նրանց, նստած էր նրանց մեջ

  1. Սաղմ. ԼԵ 11-13: