Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/144

Այս էջը սրբագրված է

խմբից է, իսկ երեքն էլ նրան մյուս խմբից էին համարում. և նրանցից ոչ ոք չհարցրեց, թե «Դու ո՞վ ես մեզ հետ», ո՛չ տերերից և ոչ էլ սպասավորներից։

Երբ հասան մի անապատ տեղ, որ բոլորովին զուրկ էր բուսականությունից և այնպես դժնյա ապառաժ էր, որ նրանց համար նույնիսկ նստելու տեղ չգտնվեց այնտեղ, երեք նախարարներն իջան մի քիչ ավելի հեռու տեղ և իրենց դահիճներին հրամայեցին կապել նրանց ձեռներն ու ոտները։ Երկար պարաններ գցեցին նրանց ոտներին և երկու-երկու լծվեցին ու սկսեցին քարշ տալ։ Եվ այնպես ձգեցին ու ճղճղոտեցին ապառաժ տեղերով քարշ տալով, որ ոչ մի ողջ տեղ չմնաց երանելիների մարմինների վրա։ Եվ ապա կապերը բաց արին ու մի տեղ բերին։

Նրանց մի տեսակ այնպես էր թվում, թե կակղացրին նրանց խստությունը և հնազանդեցրին նրանց բիրտ ապստամբությունը. և հիմա ինչ էլ ասենք, մեր խոսքերին կլսեն և թագավորի կամքը կկատարեն և անտանելի տանջանքներից կազատվեն։ Բայց այն չկարողացան լավ հասկանալ, որ նրանց քաջ զինվորների նման ոգևորեցին, կրթության հրահանգների մեջ վարժեցրին նրանց, և նրանց սովորեցրին ինչպես վայրենի արյունարբու գազանների։ Եվ եթե առաջուց մի քիչ կասկած ունեին, նայելով իրենց մարմինների չարաչար վերքերին՝ նախկին վախը մի կողմ նետեցին։ Հարբած ու անզգայացած մարդու նման սկսեցին միմյանցից գերազանցել պատասխաններ տալու մեջ, և շտապում էին ինչպես ծարավը դեպի աղբյուրն է վազում, թե ո՛վ ավելի շուտ կթափի իր արյունը երկրի վրա։

Մինչդեռ սրբերն այս պատրաստության մեջ էին, խոսել սկսեց նրանց հետ Դենշապուհը և ասաց. «Թագավորն ինձ ուղարկեց ձեզ մոտ. Հայոց աշխարհի ամբողջ ավերածությունը, ասում է, և զորքերի կոտորածը, որ տեղի ունեցավ, ձեր պատճառով եղավ այդ ամբողջ վնասը. և շատ նախարարներ, որ այժմ կապանքների մեջ չարչարվում են, ձեր համառության պատճառով եղավ այդ բոլորը։ Բայց հիմա էլ, եթե ուզում եք լսել ինձ, ասում եմ ձեզ. ինչպես որ բոլոր